Մեծ արվեստագետի եւ քաղաքացու, հրաշալի մարդու անմոռանալի կերպարը միշտ վառ կմնա ժողովրդի հիշողության մեջ
Հայ երաժշտական արվեստը ծանր ու անդառնալի կորուստ կրեց: Կյանքի 86-րդ տարում, 2014 թվականի ապրիլի 24-ին իր մահկանացուն կնքեց ականավոր կոմպոզիտոր, դիրիժոր, դաշնակահար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Երևանի պատվավոր քաղաքացի Կոնստանտին Աղապարոնի Օրբելյանը:
Կ. Օրբելյանը ծնվել է 1928 թ. հուլիսի 29-ին, Արմավիր քաղաքում:
1952 թ. ընդունվել է Երևանի Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան` ուսումնառությունը համատեղելով Երևանի օպերայի և բալետի թատրոնում կոնցերտմայստերի աշխատանքի հետ: 1954 թ. գերազանցությամբ ավարտել է երաժշտական ուսումնարանը, ընդունվել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա և 1961 թ. ավարտել Էդ. Միրզոյանի կոմպոզիցիայի դասարանը: 1954 թ. ռադիոյում կազմակերպել է գործիքային կվինտետ:
1956 թ. Օրբելյանը դարձել է ԽՍՀՄ կոմպոզիտորների միության անդամ: Նույն տարում նշանակվել է Հայաստանի պետական էստրադային նվագախմբի դիրիժոր և գեղարվեստական ղեկավար` պաշտոնավարելով 36 տարի: Նրա հմուտ ղեկավարությամբ նվագախումբը գրում է իր տարեգրության փառավոր էջերը` իր հաստատուն տեղը գրավելով ԽՍՀՄ ջազային առաջավոր կոլեկտիվների շարքում:
Անուրանալի է Կ. Օրբելյանի դերը նվագախմբի միջազգային ճանաչման և Հայաստանում ջազի զարգացման գործում: Նրա ղեկավարած նվագախմբի շնորհիվ հայկական ջազը դուրս բերվեց միջազգային ասպարեզ:
Համերգային գործունեությանը զուգահեռ Կ. Օրբելյանն արդյունավետ աշխատել է նաև որպես կոմպոզիտոր` համատեղելով աշխատանքը ժամանակակից, դասական երաժշտության և «թեթև» երաժշտության ժանրերում: Նրա սիմֆոնիկ և կամերային ստեղծագործությունները, թատրոնի և կինոյի համար երաժշտությունը, երգերը և ջազային երաժշտությունը հասարակական լայն ճանաչում գտան, արժանացան միջազգային բարձր մրցանակների: Բեղմնավոր էր կոմպոզիտորի աշխատանքը նաև ազգային-հայրենասիրական երաժշտության ժանրում: Կ. Օրբելյանն առաջինն էր, ով իրականացրեց ժամանակակից ջազի և ազգային մելոսի միաձուլումը, իսկ նրա ջազային ստեղծագործություններն իրավամբ դարձան սովետական ջազային գործիքային երաժշտության աներկբա նվաճումները:
1956 թ. ստեղծված Լարային կվարտետը` հայ կամերային երաժշտության լավագույն նվաճումներից մեկն է, որը 1957 թ. Մոսկվայում Երիտասարդության և ուսանողների համաշխարհային 6-րդ փառատոնում արժանացավ Գրան-պրիի և Ոսկե մեդալի:
Սովետահայ երաժշտության կարևոր նվաճումներից է Կ. Օրբելյանի աշխատանքը երաժշտական թատրոնում: 1969 թ. նա ստեղծում է «Անմահություն» բալետը (խորեոգրաֆիկ սիմֆոնիա)` պատերազմի մասին ողբերգական ստեղծագործությունը ջազային կոմպոզիցիաների հեղինակին ներկայացնում է միանգամայն նոր կողմից: Բալետը բեմադրվում է Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում 1969 թ.:
Սիմֆոնիկ երաժշտության բնագավառում հիշատակելի են «Տոնական նախերգանքը» սիմֆոնիկ նվագախմբի համար (1967 թ.), որը շուտով արժանացավ համամիութենական մրցանակի` որպես լավագույն սիմֆոնիկ ստեղծագործություն, և «Զանգեզուր» սիմֆոնիկ պոեմը սիմֆոնիկ նվագախմբի համար (1973թ.):
Լայն ժողովրդականություն են վայելում Կ. Օրբելյանի էստրադային երգերը, ինչպես նաև կինոերաժշտությունը` «Հայֆիլմ» կինոստուդիայի նկարահանած «Ճանապարհ դեպի կրկես» (1963 թ.), «Թռիչք անդունդի վրայով» (1959 թ.), «Փառքի օղակներ» (1962 թ.), «2-Լեոնիդ-2» (1973 թ.) ֆիլմերի համար, ինչպես նաև դրամատիկ ներկայացումների համար գրված երաժշտությունը:
1974 թ. Կ. Օրբելյանն արժանացել է Հայկական ՍՍՀ ժողովրդական արտիստի կոչման, իսկ 1979 թ.` ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչման:
1992 թ. Կ. Օրբելյանը մեկնել է ԱՄՆ, մշտական բնակություն հաստատել Լոս-Անջելեսում` շարունակելով ստեղծագործել:
Հայրենիքը բարձր է գնահատել Կ. Օրբելյանի վաստակը. երկարամյա բեղմնավոր կյանքի ընթացքում նա արժանացել է պետական ու կառավարական բազմաթիվ պարգևների: Կ. Օրբելյանը պարգևատրվել է «Պատվո նշան՚ (1964 թ.), «Ժողովուրդների բարեկամության» (1989 թ.), «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» (2003 թ.) շքանշաններով, Պատվո շքանշանով (2012 թ.):
2008 թ. նրան շնորհվել է Երևանի պատվավոր քաղաքացու կոչում: Կ. Օրբելյանը նաև Գորիսի պատվավոր քաղաքացի էր:
Մեծ արվեստագետի և քաղաքացու, հրաշալի մարդու անմոռանալի կերպարը միշտ վառ կմնա շնորհակալ երաժշտասերների, հարազատ ժողովրդի հիշողության մեջ:
Կոնստանտին Օրբելյանի վերջինհրաժեշտըտեղիկունենամայիսի 11-ին, ժամը 12:00-14:00-ն, ԱրամԽաչատրյանհամերգասրահիշենքում: Հուղարկավորությունը՝ ԵրևանիԿոմիտասիանվանպանթեոնում:
Կառավարական հանձնաժողով