՛՛Թեպետ Հեֆերնն իմ գործընկերն է, բայց ճշմարտությունն ավելի թանկ է՛՛ /վիդեո/
ՀՀԿ փոխնախագահ, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը կարծում է, որ Հայաստանում ՀԿ-ները գնալով ավելի մեծ դեր են ունենում, այդ կազմակերպությունների մի զգալի մասը պետականամետ ու հասարակականամետ է: Այս մասին նա նշեց այսօր Կառավարությունում ՝մեկնաբանելով ՌԴ դեսպան Իվան Վոլինկինի հայտարարությունը:
՛՛Ակնհայտ է, որ կան նաեւ կազմակերպություններ, որ առաջնորդվում են ով վճարում է, նա պատվիրում է երաժշտությունը սկզբունքով: Օրենսդրական դաշտի խախտումներով գործող ՀԿ ես այս պահին Հայաստանում չգիտեմ: Հետևաբար, անգամ եթե քաղաքական տարաձայնություններ են լինում քաղաքացիական հասարակության տարբեր ինստիտուտների հետ, այն, բնականաբար, չի կարող հանգեցնել նրանց գործունեության օրենսդրական մեկնաբանությանը՛՛,-նշեց նախարարը:
Վերջինս ընդգծեց, որ հայ և ռուս ժողովուրդների միջև ոչ ոք չի կարող սեպ խրել ու դա չի կարող անել որևէ հասարակական կազմակերպություն ևս՝ անգամ ամենամեծ այլատեսակ գրանտով:
Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքի և ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի վերջին հայտարարություններին՝ ՀՀԿ փոխնախագահը շեշտեց. ՛՛Թեպետ Հեֆերնն իմ գործընկերն է, ինչպես կասեն հռոմեացիք` ամիկուս Հեֆերն, բայց ճշմարտությունն ավելի թանկ է: Հայաստանի իշխանության և ընդդիմության թիվ մեկ խնդիրն այսօր պետք է լինի, որպեսզի թույլ չտանք Հայաստանը, մասնավորապես` ԼՂՀ հակամարտությունը դարձնել գլոբալ աշխարհաքաղաքական պայքարի ինչ-որ նոր օջախ և Ռուսաստան-ԱՄ կամ Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունների ներկա սրված փուլը Ուկրաինայի առիթով, չպետք է թույլ տանք, որ տարածվի Ղարաբաղի վրա:
Ղարաբաղը աշխարհաքաղաքական պայքարի համար փորձադաշտ չէ, Ղարաբաղի ժողովուրդն իր ինքնորոշման իրավունքի համար է պայքարում, եւ այդ իրավունքի իրագործումը կախված չէ անգամ գերտերությունների’ տվյալ ժամանակահատվածի քաղաքական շահերից՛՛:
Մանրամասները՝ տեսանյութում: