“Փողոցներում նկատելի է աղանդներ քարոզողների թվի անկում”
Աղանդավորական շարժումների դեմ պայքարելու համար մնացել է միայն պետական մարմինների քաղաքական կամքը: Այսօր “Հենարան” մամուլի ակումբում լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեցՀՀ կառավարության աշխատակազմի Ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի վարչության պետ Վարդան Ասցատրյանը: Նա նշեց, որ աղանդավորական շարժումների ոլորտը ամենազգայուններից մեկն է.
“Այստեղ օրենքի բաց կա, և դրանից էլ շատ դեպքում օգտվում են այդ կրոնական կազմակերպությունները՝ տարածվելու համար”,- նշեց նա:
Բանախոսի կարծիքով` մնացել է աղանդավորական շարժումների դեմ պայքարելու միայն պետական մարմինների քաղաքական կամքը. կամ պետք է միջազգային առաջարկները ընդունեն, կամ էլ մերժեն հիմնավոր կերպով, որպեսզի միջազգային հարաբերություները չխաթարվեն։
“Այսինքն՝ պետք է ազգային շահը և միջազգային պարտավորությունները համադրել”,- ասաց նա:
Վարդան Ասցատրյանը նշեց նաեւ, որ աղանդավորական կազմակերպությունների ներկայացուցիչները հաճախ օրենքը յուրացնում են և շրջանցելու տեղեր գտնում։
“Օրինակ՝ նրանց զգալի մասը զբաղվում է բիզնեսով։ Դրա համար պետք է ստուգել, որը չես կարող, որովհետև լծակներ են պետք”,- ասաց նա։
Նա տեղեկացրեց նաեւ, որ փողոցներում նկատելի է աղանդներ քարոզողների թվի անկում:
“Փողոցներում տարբեր աղանդների կողմից շարժը դանդաղել է, բացի Եհովայի վկաներից, որոնց մենք սովոր ենք տեսնել ամենուր”,- նշեց նա:
Ասուլիսի մյուս բանախոս, ՄԵԼ համանախագահ Սեւակ Հովհաննիսյանն էլ նշեց, որ հաճախ աղանդները նախքան տվյալ երկիր մուտք գործելը նախապես ուսումնասիրում են այդ օրենսդրությունը և փորձում են ամեն կերպ շրջանցել գործող օրենքները:
“Աղանդների մի զգալի մասը որպես քրիստոնյա իրենց գաղափարներին համամիտ մարդիկ են փորձում գտնել և որպես քող են օգտագործում բիզնեսի նպատակների համար”,- նշեց նա: