Ֆրանսիացի երգիչը վստահ է՝ Երևանում Շառլ Ազնավուրին նվիրված համերգը հրաշալի է անցնելու /տեսանյութ/
Ֆրանսիացի հայտնի երգիչ Սլիմանը վստահ է՝ Հայաստանում Շառլ Ազնավուրին նվիրված համերգը հրաշալի է անցնելու: Լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի 95-ամյակի կապակցությամբ մայիսի 26-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեծամասշտաբ երեկո կանցկացվի, որին հանդես կգա նաև The Voice-ի հաղթողը:
Մինչ Հայաստան ժամանելը Սլիմանը հանդես է եկել տեսաուղերձով, որում մասնավորապես նշված է. «Բարև, Հայաստա՛ն, ես Սլիմանն են: Հույս ունեմ, որ լավ եք: Կհանդիպենք մի բացառիկ համերգի ժամանակ մայիսի 26-ին, Երևանում: Շնորհակալ եմ նախապես, որ գալու եք մեզ տեսնելու: Իսկապես հիանալի ժամանակ ենք անցկացնելու, վստահ եմ: Փորձեմ ձեզ հայերեն ասել՝ «համբուրում եմ», կարծում եմ, որ այսպես են ասում ՝«պաչիկներ»: Դե, ջերմ համբույրներ»:
Այս մեծամասշտաբ գլխավոր հովանավորը, կազմակերպիչը և աջակիցը ArmCenter ընկերությունն է, աջակիցներն են Աննա Կարոլինա պրոդաքշնը, Ֆրանսիայի «Շահբազյան» պրոդյուսերական կենտրոնը, vorak.am-ը: Համերգի տոմսերը հնարավոր է ձեռք բերել tomsarkgh.am կայքից:
Սլիմանը ծնվել է 1989 թ.: 2016-ին դարձել է ֆրանսիական The Voice հեռուստաշոուի 5-րդ եթերաշրջանի հաղթողը, և դրանից հետո հանրությանը ներկայացրել մեծ հաջողություն վայելող դեբյուտային ալբոմ և 9 սինգլ:
Մինչ The Voice-ում հաղթանակը՝ մասնակցել է մի շարք այլ հեռուստաշոուների, սակայն հենց այդ ձևաչափի շնորհիվ է մեծ ճանաչում ձեռք բերել: Հանդես է եկել նաև մյուզիքլներում: