Հայաստանում Ամերիկայի Առևտրի Պալատը հայտնում է իր խորին մտահոգությունը
Հայաստանում Ամերիկայի Առևտրի Պալատը hայտնում է իր խորին մտահոգությունը ՛՛Հայաստանի Հանրապետությունում այլընտրանքային հարկային ստուգումների մասին՛՛ օրենքի նախագծի վերաբերյալ:
Գիտակցելով, որ օրենքի նախագծի մշակումը պայմանավորված է հարկային ստուգումների առկա ընթացակարգերի անկատարությունները շտկելու գաղափարով, այդուհանդերձ, կարծում ենք, որ առաջարկվող մոտեցումը հեռու է լավագույնը լինելուց` մասնավորապես. Հարկային մարմինների կողմից այլընտրանքային հարկային ստուգումների պրակտիկա գոյություն չունի որևէ այլ երկրում:
Փոխարենը լայն տարածում ունի ՛՛այլընտրանքային ստուգման աութսորսինգ՛՛ գաղափարը, երբ ստուգումն իրականացվում է անկախ աուդիտորական և խորհրդատվական ծառայություններ մատուցող ընկերությունների կողմից: Այս տեսանկյունից կասկածելի է միջազգային հաջողված փորձի ներդրման փոխարեն չփորձված և հակասական մոտեցումների կիրառման նպատակահարմարությունը:
Մեր համոզմամբ, ստուգում և այլընտրանքային ստուգում իրականացնող մարմինների համատեղումը կարող է ստեղծել հարկային օրենսդրության հետագա բարդացման թաքնված շարժառիթներ: Օրինագծի ընդունումը կարող է հանգեցնել ՊԵԿ-ի կողմից ՛՛անհավասար՛՛ վերաբերմունքի դրսևորմանը այլընտրանքային ստուգում պատվիրած և չպատվիրած կազմակերպությունների նկատմամբ, քանզի վերջիններս առաջարկվող ծառայությունից չօգտվելու համար կարող են հայտնվել առավել խստացված ստուգումների ենթակա ռիսկային ընկերությունների ցանկում:
Հասկանալի չէ, թե ինչ հիմքերով է ձևավորվել այլընտրանքային ստուգման համար նախատեսվող վճարի չափը՝ 10-500 մլն. դրամ: Եթե այն համեմատենք Հայաստանի շուկայում իրականացվող ֆինանսական հաշվետվությունների աուդիտի հետ, որը որպես բաղկացուցիչ մաս ներառում է նաև հարկային պարտավորությունների ստուգում, ապա սահմանված սանդղակի նույնիսկ նվազագույն 10 մլն. դրամ վճարը մինչև 5 անգամ գերազանցում է փոքր բիզնեսին մատուցվող աուդիտորական ծառայության վճարը:
Այսպիսով կարող ենք եզրակացնել, որ փոքր ու միջին բիզնեսը կհայտնվի խիստ անհավասար պայմաններում խոշոր բիզնեսի նկատմամբ:
Օրինագծի ընդունումն ու կիրարկումը կարող է հանգեցնել տվյալ ոլորտում ՊԵԿ-ի կողմից մենաշնորհային դիրքերի հաստատմանը` այսպիսով խոչընդոտելով մասնավոր ընկերությունների շրջանում առողջ մրցակցության ձևավորմանն ու հարկատուների համար նշված ծառայության հետ առնչվող ծախսերի կրճատմանը:
American Chamber of Commerce in Armeniaÿ Այլընտրանքային հարկային ստուգումները չեն կարող փոխարինել ֆինանսական հաշվետվությունների աուդիտին, ինչպես նշում է ՊԵԿ-ը, քանզի այս երկու ստուգումները բոլորովին տարբեր նպատակներով իրականացվող ստուգումներ են: Նախագիծը լուրջ հարված կհասցնի տնտեսական մրցակցությանը, քանի որ այն հարցականի տակ կդնի աուդիտորական ծառայություններ մատուցող ընկերությունների ծառայություններից օգտվելու նպատակահարմարությունը:
Նախագիծը կարող է հանգեցնել գործազրկության մակարդակի աճին, քանի որ ներկայումս փոքր աուդիտորական կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունների նկատմամբ պահանջարկը պայմանավորված է գործող օրենքի պահանջներով: Որոշ կազմակերպություններ կարող են ուղղակի ոչ մրցունակ դառնալ նախագիծը ընդունելու դեպքում:
Այլընտրանքային հարկային ստուգումների ներկայացված մոդելի ներդրման արդյունքում երկարաժամկետ առումով նվազելու են հարկային մուտքերը ՀՀ պետական բյուջե: Հիմնվելով վերոնշյալի վրա՝ միությունը հորդորում է ՀՀ կառավարությանը շարունակել հիմնվել միջազգային լավագույն պրակտիկայում ընդունված և փորձված մոտեցումների վրա:
Տնօրենների խորհուրդ Ամերիկայի Առևտրի Պալատը Հայաստանում