՛՛Լավ է մեկ կարեւոր խաղ բաց թողնեմ, քան ամբողջ կյանքս չխաղամ՛՛.Դավիթ Մանոյան
Երեւանի ՛՛Փյունիկի՛՛ պաշտոնական կայքը ներկայացրել է հարցազրույց թիմի ավագ Դավիթ Մանոյանի հետ: Նա պատմել է, թե ինչպես է ընթանում դեկտեմբերյան վիրահատությունից հետո վերականգնողական շրջանը, ինչպես նաեւ խոսել է այսօր կայանալիք Հայաստանի գավաթի եզրափակիչ խաղից մասին.
՛՛Ամեն ինչ լավ է ընթանում: Մի քանի օրից արդեն լրանում է 20-րդ շաբաթը, ինչից հետո վերականգնողական ծրագիրն էլ ավելի ծանրաբեռնված մարզումներ է ենթադրում:
Առայժմ չի կարելի շատ ծանրություն դնել ձախ ոտքի վրա: Բայց տարբեր վարժություններ կան, որ առանց դրա մկաններս ուժեղացնում եմ, թուլացնում: Նաև ֆիզիկական վիճակս նորմալ պահելու համար լողավազանում եմ շատ ժամանակ անցկացնում:
Ամեն շաբաթ Գերմանիայից ինձ ուղարկում են տարբեր ծրագրեր, վարժություններ, որոնք պետք է անեմ, ըստ դրանց առաջ եմ շարժվում:
Մեկ ամիս առաջ Մյունխենում բուժզննումը ցույց տվեց, որ ծունկս սպասվածից արագ է ապաքինվում: Հունիսի 2-ին նորից բուժզննման եմ մեկնելու Գերմանիա: Հունիսի 3-ին ինձ արդեն վերջնական պետք է ասեն, թե երբ կկարողանամ սկսել: Եթե թեկուզ մեկ տոկոս ռիսկի հավանականություն լինի, որ շուտ սկսելու դեպքում ծունկս նորից կարող է վատանալ, ես այդ ռիսկին չեմ գնա: Սա վերջին վիրահատությունս է, ավելի լավ է մեկ կարևոր խաղ բաց թողնեմ, քան ամբողջ կյանքս չխաղամ: Դրա համար պետք է 100 տոկոսով համոզված լինենք թե՛ ես, թե՛ բժիշկը, որ ամեն ինչ լավ կլինի, նոր ես կսկսեմ վազել, թիմի հետ մարզվել, խաղալ:
Այն ծրագիրը, որն ինձ տվել էր բժիշկը վիրահատությունից անմիջապես հետո, նախատեսում է վազելը 30 շաբաթ հետո: 30 շաբաթը լրանում է հուլիսի 18-ին: Իմ հաշվարկով, եթե այդ ժամանակ սկսեմ վազել, օգոստոսի վերջում նոր կսկսեմ խաղալ: Այսինքն՝ վազելուց հետո դեռ մոտ մեկ ու կես ամիս էլ անհրաժեշտ է խաղալու համար:
Ինչ վերաբերում է գավաթի եզրափակչին, մեր թիմում բոլորն էլ փորձառու ֆուտբոլիստներ են Հայաստանի մակարդակով և նրանց տրամադրելու կարիք չկա: Ճիշտ է, կան ֆուտբոլիստներ, ովքեր առաջին անգամ են խաղալու եզրափակչում, բայց հիմնականում անցած տարվա փորձն ունեն: Հուսով եմ՝ անցած տարվա սխալները թույլ չենք տա, որովհետև ՛՛Շիրակի՛՛ դեմ մենք վատ խաղացինք, թեև կամային հատկանիշերի շնորհիվ կարողացանք հաղթել: Հաջողություն եմ մաղթում մեզ՛՛,-եզրափակեց Դավիթը: