Կրքերը բորբոքվեցին
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը և ’’Ժառանգություն’’ կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը խոսեցին ներքաղաքական զարգացումներից, որը դեռևս դրսևորվելու է կառավարության ծրագրի քննարկումների արդյունքում:
’’Նոր կառավարությունը ձևավորվել է և եթե այլ նշանակումներ լինեին` մենք կասեինք սպասենք հարյուր օր, կամ սպասենք կես տարի, սակայն կառավարության կազմում այնպիսիք են` ում մենք նախկինում տեսել ենք այլ պաշտոններ զբաղեցնելիս: Ես այդքան էլ լավատես չեմ, որ նոր կառավարությունը կարող է լուծել այդ խնդիրները’’,-ասաց Ստյոպա Սաֆարյանը նկատելով , որ առաջին խնդիրը որը պետք է լուծի նոր կառավարությունը, տնտեսական աճի ապահովման խնդիրն է.
’’ Այս հարցում ես թերահավատ եմ, քանի որ նշանակված նախարարներից շատերը հայտնի գործարարներ են և ունեն տնտեսական մենաշնորհներ շուկայում”,- նշեց ”Ժառանգության” ներկայացուցիչը, որպես օրինակ մատնանշելով՝ ֆինանսների նորանշանակ նախարար, նախկինում պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանին:
Երկրորդ խնդիրը, որը ըստ Սաֆարյանի՝ չի կարողանալու լուծել նոր կառավարությունը, երկրի տնտեսական աճի ապահովման համար պահանջվող ներդրումներն են.” Ես կարծում եմ, որ այն երկրները, որոնք կարող են լուրջ ներդրումներ անել Հայաստանի համար, այդքան էլ հարթ հարաբերություններ չունեն Հայաստանի հետ: Թերահավատ եմ, որովհետև բարեփոխումների իրականացում չեմ կարող սպասել մի թիմից, ովքեր նախկինում պաշտոնավարել են: Օրինակ՝ Դավիթ Հարությունյանը, ով եղել է արդարադատության նախարար և նրան ենք պարտական արդարադատության ռեֆորմների համար: Սակայն փաստ է, որ մեր արդարադատության համակարգը չի կայացել”:
Հակադարձելով Ստյոպա Սաֆարյանին՝ ՀՀԿ-ական պատգամավորը նշեց. ”Մի բան հստակ է տուր` իշխանություն և փորձիր հավատալ” :
Մկրտիչ Մինասյանի դիտարկմամբ՝ վատատեսությունը չի կարելի արտահայտել և փոխանցել ժողովրդին: Նրա խոսքով՝ Սաֆարյանի բերած օրինակները իրականության հետ աղերս չունեն. ” Հովիկ Աբրահամյանին ես երկար տարիներ ճանաչում եմ: Հստակ պետք է զատել մարդուն: Այն մարդուն, ով կարողանում է աշխատել: Հնարավորություն ունի աշխատելու: Մարդ, որը իրատես է ու գիտի Հայաստանի իրականությունը և եթերում չի սավառնում: Նույնը վերաբերվում է Դավիթ Հարությունյանին, ով շատ պատրաստված ու կիրթ մարդ է”: