Սեյրան Օհանյանը լրագրողներին ազատ մարդու բարձր պատասխանատվություն է մաղթել
ՀՀ պաշպանության նախարար Սեյրան Օհանյանը շնորհավորել է լրագրողներին մամուլի ազատության օրվա առիթով: Ուղերձը Ֆեյսբուքի իր տարեգրքում տեղադրել է նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
“Հարգելի լրագրողներ շնորհավորում եմ մամուլի ազատության օրվա կապակցությամբ: ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան 1993թ. դեկտեմբերի 20–ին որոշեց մայիսի 3–ը հայտարարել մամուլի ազատության համաշխարհային օր: Պատահական չէ, որ մամուլի ազատությամբ են որոշում պետության զարգացվածության աստիճանը:
Ազատությունն այն արժեքն է, որը մեր ազգն ու պետությունն ընտրել է որպես հարատեւման, զարգացման ու առաջընթացի հիմնական ուղի: Ազգերըազատությամբ է, որ ձեռք են բերում լիարժեք զարգացման հնարավորություն: Հայ ազգը իր հարատեւման 4500 տարիների ընթացքում չափազանց մեծ գին է վճարել ազատության համար:
Մեր սերունդը այդ ազատության համար է, որ ոտքի կանգնեց եւ բազում նահատակների գնով այսօր ունենք ազատ ու անկախ հայրենիք: Մեզ համար շատ թանկ ու հարազատ է այդ բարձրագույն արժեքը: Ձեզ մաղթում եմ ազատ ու անաչառ աշխատանք, քանի որ ազատությունը թռիչքների գրավականն է: Ձեր ազատությամբ ու պատասխանատու աշխատանքով է զարգանում մեր երկիրը:
Դուք ձեր բարձրակարգ ու պատասխանատու աշխատանքով օգնում էք մեր երկրին զարգանալ ճիշտ ու սխաներից զերծ մնալ: Ձեր համարձակ, երբեմն նրբանկատ դիտողականությամբ, բայց պատասխանատու զգուշավորությամբ պատրաստված նյութերը մեր կայացրած որոշումների վրա ճիշտ ազդեցություն են թողնում:
ՊՆ-ը վաղուց որդեգրել է թափանցիկ ու ազատ աշխատաոճ, մենք միշտ էլ կարեւորել ենք մամուլի հետ ազատ ու փոխադարձ հարգանքի մթնոլորտում համագործակցելու ճանապարհը: Ազատությունը հնարավորություն ու պարտականություն է միաժամանակ:
Ձեզ ազատ մարդու բարձր պատասխանատվություն եմ մաղթում: Շնորհավոր մամուլի ազատության օրը”,-ասված է Սեյրան Օհանյանի շնորհավորական ուղերձում: