Մայիսի 3-ը մամուլի ազատության օրն է
Այսօր՝ մայիսի 3-ը մամուլի ազատության համաշխարհային օրն է, որն սահմանավել է ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի կողմից, 1993թ-ին: Տվյալ որոշումը ՅՈւՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի աշխատանքի արդյունք էր, որը 1991թ “Աշխարհում մամուլի ազատության ապահովման աջակցման” բանաձեւով ճանաչեց, որ ազատ, անկախ եւ բազմակարծություն ապահովող մամուլը ցանկացած ժողովրդավարական հասարակության անհրաժեշտ բաղկացուցիչն է:
“Ֆրիդոմ Հաուս” միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը մայիսի 1-ին հրապարակել է իր ամենամյա “Մամուլի ազատության” զեկույցը: Ըստ զեկույցի, 2014թ. մամուլի ազատությունն աշխարհում իջել է վերջին տասնամյակում ամենացածր կետին: Այդ անկումը պայմանավորված է մերձավորարեւելյան մի քանի երկրներում՝ Եգիպտոսում, Լիբիայում, Հորդանանում, ինչպես նաեւ Թուրքիայում, Ուկրաինայում արեւելյան Աֆրիկայի մի շարք երկրներում տեղեկատվության ազատության հետընթացով:
Հայաստանի չորս հարեւաններից երեքը ոչ ազատ են՝ Իրանը 190-րդ տեղում է, Ադրբեջանը՝ 183-րդ, Թուրքիան 134-րդ, եւ միայն Վրաստանն է, որը համարվել է մասամբ ազատ՝ զբաղեցնելով 47-րդ հորիզոնականը:
Նախորդ տարվա համեմատ Հայաստանը դիրքը չի փոխել՝ 134-րդ (Թուրքիայի հետ միասին) հորիզոնականում է՝ որպես ոչ ազատ երկիր, սակայն մեկ միավորով նահանջել է եւ ունի 62 միավոր: