3-ամյա Արտյոմի համար ցանկացած գումար, աղոթք կարեւոր է /վիդեո/
“Մեզ համար ցանկացած գումար, աղոթք շատ կարեւոր է”. 3-ամյա Արտյոմ Հովհաննիսյանի մայրիկի՝ Անահիտ Հովհաննիսյանի խոսքերն են: Դեռ մեկ տարի առաջ փոքրիկի կյանքը սրտի վիրահատությունից հետո հրաշքով փրկվեց (երեխան սրտի արատ ուներ):
Սակայն վերջերս, պարզվել է, որ երեխայի սրտի հետին պատին անցքեր կան, եւ փոքրիկի կյանքին վտանգ է սպառնում, անհրաժեշտ է երեխային շտապ վիրահատության ենթարկել:
“Հայաստանում այդ վիրահատությունը հնարավոր չէ անել երկու պատճառով. նախ սարքավորում չկա, հետո մասնագետ չկա, որ նման իրավիճակում անցքերը փակի”,- ասում է երեխայի մայրը՝ նշելով, որ այստեղի բժիշկները խորհուրդ են տվել երեխային տեղափոխել Մոսկվա, որտեղ հնարավոր է՝ կարողանան փակել երեխայի սրտի հետին պատին գոյացած անցքերը:
Մեկ անցքը փակելու գինը 10 000 դոլար է, եւ նույնիսկ մեկ անցք փակելը կարող է բարելավել երեխայի առողջական վիճակը:
Հովհաննիսյանների ընտանիքը չունի այդքան գումար երեխայի կյանքը փրկելու համար: Երեխայի հայրը՝ Էդիկ Հովհաննիսյանը, պատմում է, որ դիմել են մի շարք բարեգործական կազմակերպությունների, անհատների, որպեսզի օգնեն իրենց, բացել են բանկային հաշիվ, օգնել ցանկացողները կարող են գումար փոխանցել: Հույս ունեն, որ իրենց կօգնեն առաջին տիկինը՝ Ռիտա Սարգսյանը, “Նվիրիր կյանք” հիմնադրամը:
“Ցանկանում եմ, որ այս մեր փոքրիկ երկրում ոչ մի բալիկ չունենա ոչ մի առողջական խնդիր”,- ասում է Էդիկ Հովհաննիսյանը:
Հովհաննիսյանների ընտանիքը չի մոռանում ամեն առիթով շնորհակալ լինել այն մարդկանց, ովքեր դեռ մեկ տարի առաջ օգնել են իրենց, միեւնույն ժամանակ հավատում, որ այժմ էլ կգտնվեն կամեցողներ եւ կօգնեն, 3-ամյա իրենց փոքրիկի կյանքը նորից կփրկեն:
Պետք է նշել նաեւ, որ բարի մարդկանց շնորհիվ երեխայի վիրահատության համար արդեն 5000 դոլար հավաքվել է:
3-ամյա Արտյոմիկին Օգնել ցանկացողները կարող են գումար փոխանցել հետեւյալ հաշվեհամարներին.
ԱՄԵՐԻԱԲԱՆԿ
15700 15799760200 AMD
15700 15799760201 USD
15700 15799760246 EURO
15700 15799760158 RUB,
Ստացող` Էդիկ Հովհաննիսյան