Շատ վտանգավոր հայտարարություն է. քաղաքագետ
՛՛Սա շատ վտանգավոր հայտարարություն է, որովհետև եթե նայում ենք Հայաստանից քիչ դուրս, տեսնում ենք, որ Հայաստանը գոնե վերջին երեք տարիների ընթացքում նմանվեց, դե ֆակտո, միակուսակցական երկրի, այնպես ինչպիսին է Ռուսաստանը, Կենտրոնական Ասիայի բռնապետությունները, այսինքն՝ Հայաստանն այսօր մտնում է այդ հետխորհրդային ճահիճը և այս հայտարարությամբ փաստորեն դա ամրագրվում է ու հաստատվում՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը՝ խոսելով ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի հայտարարությունից:
Մեհրաբյանն այս հայտարարությունը բացասաբար է ընդունում, սակայն միաժամանակ նշում է. ՛՛Չնայած ներկա պահին այստեղ գաղտնիք չկա, այո, այդպես է՛՛:
Ինչ վերաբերում է նրան, որ ապագա տասնամյակում ՀՀԿ-ը շարունակելու է մնալ Հայաստանի քաղաքական դաշտի առաջատարը, ապա քաղաքագետը նկատեց. ՛՛Ապագա տասը տարվա համար պարոն Շարմազանովը խիստ լավատես է իր տեսակետից , և ես չեմ կարծում, որ այս արատավոր համակարգը, որ իր գաղափարական, նյութական սնուցումը ստանում է Ռուսաստանից, այդքան երկար ապագա ունի՛՛:
Հարցին, թե կա այն ուժը, որ կարող է ՀՀԿ-ին զրկել այդ լծակներից, նա պատասխանեց. ՛՛Երեք տարի առաջ կար այդ ուժը, բայց հետո գնաց գործարքի օլիգարխիայի հետ և այսօր չկա, դա ՀԱԿ-ն է, և ցանկացած կեղծ, արմատական ճղճղոցները, որ այսպես ասած՝ ընդդիմադիր դաշտից գալիս են, դա արդեն ոչ ոքի չի տպավորում՛՛:
Ռուբեն Մեհրաբյանը, սակայն, վստահ է՝ անպայման ձևավորվելու է նոր ուժ, որը կարողանալու է պայքարել ՀՀԿ-ի դեմ: ՛՛Որովհետև այսօր ՀՀ քաղաքացու շահը չի սպասարկվում, իշխանությունն ամեն ինչ անում է քաղաքացու շահին ի հեճուկս, թեկուզ միայն իշխանության մեջ օլիգարխական ու քոչարյանական ռևանշը ցույց է տալիս, որ նա թքած ունի քաղաքացու վրա: Անխուսափելի է՝ Հայաստանում կձավորվի նոր ընդդիմությւոն, նոր որակի ընդդիմություն, որն էլ իր վրա կվերցնի այդ գործառույթը՛՛,-եզրափակեց նա:
Հիշեցնենք, որ Շարմազանովը մասնավորապես ասել էր. ՛՛Պետական կառավարման ամենաբարձր օղակներում իրենց տեսնող մարդկանց համար պետության կառավարման ղեկին ձգտելու հիմնական, եթե ոչ միակ ճանապարհը Հանրապետական կուսակցությունն է: ՛՛Եթե որևէ մեկը գալիք տարիների ընթացքում հավակնում է նախագահի կամ վարչապետի պաշտոնին, ապա այդ ճանապարհն ուղիղ անցնում է Մելիք Ադամյան փողոցով՛՛: