՛՛Նույն գաղտնիության շղարշը՛՛
”Համաձայն որոշ տեղեկությունների` Հայաստանը ոչ թե Մաքսային միության պայմանագրերն է ստորագրելու, այլ միանգամից ստորագրելու է Եվրասիական միության փաստաթղթերը”,-այսօր Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Նա նշեց, որ տարածվել էր տեղեկատվություն, որ Մինսկում պետք է հանդիպում տեղի ունենար, բայց տեղի չունեցավ: ՛՛Մենք որևէ բացատրություն ՀՀ իշխանության, կառավարության կողմից չստացանք: Սա ինչ-որ եզակի մի էպիզոդ չէ, այն ոճն է, որը դավանում է այս իշխանությունը՛՛:
Զուրաբյանը նկատեց, որ ԵՄ-ի հետ ասոցացման պայմանագրի շուրջ բանակցում էին, սակայն գաղտնի կերպով որոշվեց, որ Մաքսային միությանն ենք անդամակցելու: ՛՛Նույն գաղտնիության շղարշը տեսնում ենք հիմա, երբ Լավրովը հայտարարում է, որ 126 կետից 111-ը Հայաստանն արդեն կատարել է: Տպավորություն է ստեղծվում, որ դուք ավելի շատ հաշվետու եք լինում Վաշինգտոնի, Բրյուսելի Մոսկվայի առջև, քան սեփական ժողովրդի առաջ: Ինչո՞ւ մենք նման տեղեկատվություն պետք է ստանայինք Բելառուսիայի նախագահից, այլ ոչ թե Հայաստանի ԱԳՆ-ից, Կառավարությունից, վարչապետից՛՛,-հարցրեց նա:
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը պատասխանեց, որ Մինսկում տեղի ունեցած Եվրասիական տնտեսական բարձր խորհրդին չմասնակցելը բացատրվել է ՀՀ ԱԳ նախարարի խոսնակը կողմից: Ամեն դեպքում նա նշեց, որ այն անցկացվում է երեք երկրների՝ եվրասիական տնտեսական բարձր խորհուրդի մակարդակով, որին ՀՀ-ն դեռ մաս չի կազմում:
Ինչ վերաբերում է Մաքսային միությանը, ապա նախարարն ասաց, որ հրապարկվել է ճանապարհային քարտեզը և ըստ օրակարգի՝ այդ հարցը ներկայացնելու էր եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահը: Նա նշեց, թե միջազգային պայմանագրերի դեպքում ընդունված չէ ստորագրումից առաջ որևէ մի բան հրապարակելը: ՛՛Սխալ է եզրակացություններ անել, որ գաղտնիքներ են պահվում: Մենք Բրյուսել հարցում արեցինք և այնտեղից եղավ պատասխան, որ այն դեռ անգամ նախաստորագրված չէ ու ընդունված չէ հրապարակել: Ոչ թե Հայաստանն է պահում, գաղտնիք չկա դրա մեջ, մանրամասների մասին բացատրություններ են տրվել՛՛,- հավաստիացրեց նախարարը: