Բացահայտելո՞ւ են Տիգրան Սարգսյանի անվան հետ կապված սկանդալները
ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն այսօր Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց, որ իրենք Կառավարության հրաժարականն էին պահանջում Տիգրան Սարգսյանի ու նրա կառավարության թույլ տված թերությունների պատճառով:
Մանուկյանը նշեց, որ նախկին վարչապետի անվան հետ մի շարք սկանդալային պատմություններ են կապված՝ օֆշորայինը, Պարտադաիր կուտակային կենսաթոշակային համակարգը հակասահմանադրական ճանաչելը, գազի գնի հետ կապված գաղտնի գործընթացները և Որոտանի գործարքը: Ապա նա հարցրեց գործող Կառավարությանը. ՛՛Այս չորս սկանդալները ձեզ համար մարտահրավե՞ր են, դուք այս գործերին ընթացք տալո՞ւ եք, թե՞ ձեր ուսերին եք վերցրել Տիգրան Սարգսյանի արդեն բացասական իմաստով բացահայտված ժառանգությունը՛՛:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը պատասխանեց այսպես. ՛՛Ես պատասխանատվություն վերցնող եմ, գիտակցումով եմ համաձայնել նշանակվել, աշխատել եմ թափանցիկ: Համաձայն չեմ Ձեր գնահատակններին: Տիգրան Սարգսյանը ունեցել է թերություններ, բայց սկանդալներ ձևակերպման հետ համաձայն չեմ: Մենք վերհանելու ենք խնդիրները, լինելու ենք անկեղծ, չենք ամաչելու ասել, որ սխալներ ենք թույլ տվել՛՛:
Վարչապետը տեղեկացրեց, որ նախարարներին հրահանգել է հարգալից լինել բոլոր պատգամավորների նկատմամբ, իսկ ՀԱԿ-ին ու մյուսներին էլ կոչ արեց բաց երկխոսության ու համագործակցության:
Ինչ վերաբերում է օֆշորային պատմությանն, ապա Հովիկ Աբրահամյանն ասաց, որ որևէ իրավական ձևակերպում կամ որևէ իրավական կառույցի գնահատական, որ կապացուցեր Տիգրան Սարգսյանի կապն այս պատմության հետ, չի լսել: