Ինչքան էլ ոմանք հանդես գան որպես աղավնի և իրենց բերնում դնեն ձիթենու պտուղ…
Այսօր Ազգային ժողովի հայտարարությունների ժամին որպես ընդդիմադիր պատգամավորներ առաջին անգամ ելույթ ունեցան ՕԵԿ-ականներ Հովհաննես Մարգարյանը, Մհեր Շահգելդյանն ու Իշխան Խաչատրյանը:
Հովհաննես Մարգարյանը նախ հայտարարեց, թե իրենց համար օրակարգային է լինելու սնկի պես աճող անարդարությունների դեմ պայքարը։ Եվս մեկ անգամ ՕԵԿ-ը առաջարկեց ընդունել նախագիծ, որը կկանխի փոքր ու միջին խանութների ամեն օր փակվելը, կպայքարի օրեցօր աճող սուպերմարկետների դեմ, որոնք էլ պատճառ են ըստ նրա դառնում փոքր ու միջին խանութների փակմանը։
՛՛Մենք անընդունելի ենք համարում մեծահարուստներին շքեղության հարկից ազատելու գաղափարախոսությունը: Ավելին, շքեղ, 25մլն դրամից ավել արժողությամբ մեքենաներ ունեցողները շքեղության հարկ պետք է վճարեն ոչ միայն մեքենաների, այլ նաև իրենց շքեղ առանձնատների և թանկարժեք վիլլաների համար: Ինչպես ասում են, մատների վրա հաշված՝ ՛՛Ավետ աղաները՛՛՝ ի տարբերություն շարքային քաղաքացիների պետք է ավելի շատ հարկեր վճարեն՝ ճոխ ու շքեղ ապրելու համար, իսկ որոշ անկուշտների համար ժամանակն է ընդունել կշտանալու մասին օրենք՛՛:
Ինչ վերաբերվում է ՕԵԿ-ի հասցեին հնչող քննադատություններին, ապա Մարգարյանն ասաց, որ ցանկանում է ևս մեկ անգամ փաստել, որ իրենց համար առավել կարևոր է ժողովրդի գնահատականը։ ՛՛Ժողովուրդն է ամենաիմաստունն, իսկ ժամանակը՝ արդար դատավոր։ Երկիրը փոքր է, բոլորը բոլորին լավ ճանաչում են, և ինչքան էլ ոմանք հանդես գան որպես աղավնի և իրենց բերնում դնեն ձիթենու պտուղ, միևնույնն է, տեսանելի է, որ բորենին երբեք աղավնի չի դառնում՛՛,-նկատեց նա: