ՀԱԿ-ը մերժում է Հովիկ Աբրահամյանին
ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը տեղեկացրեց, որ ՀԱԿ խմբակցությունը պաշտոնական նամակ է ստացել վարչապետ Հովիկ Աբրահամյանից, որտեղ վերջինս նշել էր, թե կենսաթոշակային օրենքի իրավակարգավորումները ապրիլի 2-ի որոշմանը համապատասխանեցնելու ուղղությամբ ձեւավորվել է համապատասխան աշխատանքային խումբ: Նա առաջարկել է ներկայացնել ՀԱԿ խմբակցության մեկ ներկայացուցչի թեկնածություն՝ աշխատանքային խմբում ընդգրկելու համար:
Սակայն Մանուկյանն ասաց, որ խմբակցությունը մերժել է առաջարկը, քանի որ Կոնգրեսի տեսակետը կուտակայինի մասին հստակ է,եւ այն չի փոխվել, եւ հետեւաբար՝ Կոնգրեսը մաս չի կազմի որեւէ հանձնաժողովի:
ՀԱԿ պատգամավորը շեշտեց նաև, որ նորանշանակ Կառավարության կազմը ցույց է տալիս, որ ոչինչ չի փոխվել Կառավարությունների դիրքորոշումների մեջ: ՛՛Նշանակվում են կոռումպացված, վարկաբեկված մարդիկ՛՛,-ասաց Մանուկյանն ու հավելեց, որ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ այս Կառավարությունը չպիտի քննադատի նախորդին և կուտակայինի մեջ էլ պարտադիր բաղադրիչն անփոփոխ է: ՛՛Մենք պահանջում էինք Տիգրան Սարգսյանի արածների բացահայտումն ու դրա պատժելը, որևէ վարչպետ չի կարող ինքնուրույն լինել ու դուրս գալ ռեժիմի գծած շրջանակից՛՛: