Վերջապես պարտադիր բաղադրիչը պե՞տք է կասեցվի. հարց նախարարին
ՀՀ կառավարությունը պատրաստակամ է ԱԺ ոչ իշխանական խմբակցությունների ու հասարակության հետ քննարկել ու վերջնական որևէ լուծում գտնել Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի հետ կապված խնդիրներին: Այս մասին Այսօր Ազգային ժողովում հայտարարեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
Նշենք, որ նախարարը ներկայացնում էր համակարգի հետ կապված նոր նախագիծ, և սա որակեց որպես համագործակցության առաջին քայլ:
Անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը հարցրեց, թե արդեն իսկ պահված գումարները վերադարձվելու են, վերջապես պարտադիր բաղադրիչը պե՞տք է կասեցվի, քանի որ հիմա պարտադիր բաղադրիչը չի համարվում պարտադիր:
Նախարարը նշեց, որ Սահմանադրական դատարանի նախ՝ աշխատակարգային, ապա ապրիլի 2-ի որոշման արդյունքում՝ Աշխատանքային որոշմամբ կասեցվեց 76-րդ հոդվածը: Ըստ էության պատասխանատվության նորմը պարունակող հոդվածը դադարել է գործել մինչև ապրիլի երկուսը, այդ ժամանակահատվածում վճարներ կատարվել են, կարելի է ասել, փոխադարձ համաձայնությամբ:
Նա տեղեկացրեց, որ ներկայումս կան 127 հազար քաղաքացիներ, ում համար կատարվել են վճարումներ, ովքեր ընտրել են ֆոնդեր: ՛՛ՍԴ որոշման մեջ ևս կան իրարամերժ կարծիքներ. դրանք ձևավորեցին իրավիճակ, որտեղ նորից կան տարբեր դիրքորոշումներ՛՛:
Ասատրյանը հավելեց որ Կառավարության քայլը հետևյալն է՝ ձևավորել իրավիճակ, որը թույլ կտա մինչև ամբողջական փաթեթի ընդունումը, իրերի դրությունը թողնել այնպես, ինչպես կա: Նախարարի խոսքով՝ Կառավարությունը, նաև անսալով հասարակության որոշ շերտերի ներկայացուցիչների կարծիքին, քայլ է անում, որը թույլ կտա բոլոր կողմերի հետ համապատասխան քննարկումների արդյունքում գտնել նաև նշված հարցերի պատասխանները: Ըստ Ասատրյանի՝ այդ գումարները, որոնք վճարվել են, մասնակիցների՝ աշխատողների հաշիվներին են, իրենց սեփականությունն են, նաև լրացուցիչ եկամուտ են բերում նրանց: ՛՛Վարչապետն, ամեն դեպքում, հակված է, որ հնարավորինս կարճ ժամկետում կարողանանք գտնել լուծումներն այն բոլոր հարցադրումների, որ կան, ունենան հստակ թեկնածուներ: Աշխատանքը քննարկումներ է պահանջում, որ չունենանք լուծումներ, որոնք հարցադրումներ են առաջացնում: Այս առումով մեզ անհրաժեշտ է ձեր աջակցությունը՛՛,- ասաց նա: