՛՛Այլընտրանքային՛՛ ԲՀԿ-ն ու ՛՛ընդդիմադիր՛՛ ՕԵԿ-ն ընտրեցին ԱԺ նախագահ
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Հովհաննիսյանը չի մասնակցել ԱԺ նախագահի ընտրություններին: ՛՛Չեմ մասնակցել՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Հովհաննիսյանը: Հարցին, թե մասնակցելու դեպքում կընտրեր Հրանտ Բագրատյանին, նա պատասխանեց. ՛՛Չէ , այդպես հարց չկա, ես գիտակցված չեմ մասնակցել, որովհետև խմբակցության որոշում կար ազատ քվեարկության, ես որոշել եմ չմասնակցել՛՛:
ԲՀԿ խմբակցության մեկ այլ պատգամավոր Ստեփան Մարգարյանը ևս տեղեկացրեց, որ չի մասնակցել քվեարկությանը: Հարցին, թե ինչպես է գնահատում արդյունքները, երբ պարզ է դառնում, որ այլընտրանքային ԲՀԿ-ը ևս մեծամասամբ կողմ է քվեարկել Գալուստ Սահակյանին, Մարգարյանը պատասխանեց. ՛՛Ես բան չունեմ ասելու, ինձ հարցնում եք մի բան, որից ես տեղյակ չեմ, քվեարկության արդյունքների մասին տեղյակ չեմ, խորհրդակցության էի ես մասնակցում՛՛:
Մեզ հետ զրույցում խմբակցության ներկայացուցիչ Վահե Էնֆիաջյանն ասաց, որ մասնակցել է քվեարկությանը, սակայն թե ինչպես է քվեարկել, նա չասաց, քանի որ փակ էր քվեարկությունը: Դիտարկմանը, որ արդեն ԲՀԿ-ին մեղադրում են իշխանության թեկնածուին սատարելու մեջ, Էնֆիաջյանն արձագանքեց.՛՛Ես որևիցե կերպ չեմ մեկնաբանում, մի բան կարող եմ ասել. ներքուստ ազատ քվեարկություն է եղել, և ով ինչպես է քվեարկել, ինքս չեմ կարող ասել, ես շատ հստակ գիտեմ՝ ինչպես եմ ես քվեարկել՛՛:
Նշենք, որ ԲՀԿ-ից այսօր բացակա են եղել Գագիկ Ծառուկյանը, Վարդան Օսկանյանը, Ռուբեն Գևորգյանը, Վահագն Մախսուդյանը: Քվեարկությանը չի մասնակցել 15 պատգամավոր:
Գալուստ Սահակյանը ԱԺ նախագահ է ընտրվել 101 կողմ ձայնով։ Նրա միակ մրցակիցն էր ՀԱԿ խմբակցությունից Հրանտ Բագրատյանը, ով ստացել էր երեք ձայն։ Քվերակությանը 131 պատգամավորներից մասնակցել էր 106-ը, գրանցվել էր երկու անվավեր քվեարկություն։
Հիշեցնենք, որ ՛՛Ժառանգությունը՛՛, ՀՅԴ-ն ու ՀԱԿ-ը նախապես հայտարարածի համաձայն, չէին մասնակցել քվեարկությանը։
Հրանտ Բագրատյանի օգտին նախապես հայտարարեցին, որ քվեարկելու են Նիկոլ Փաշինյանը, ինքը` Բագրատյանը, և Ալեքսանդր Արզումանյանը։
Բացակա են եղել նաև Կարեն Բոթոյանը, Էդմոն Մարուքյանը, Աշոտ Աղաբաբյանը, Արմեն Բաբայանը, Զարուհի Փոստանջյանը, Կարեն Կարապետյանը: