26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Արագիլը» թռչում է, ոչ թե քայլ անում, ապարդյուն են թևերը կտրելու փորձերը

Օրեր առաջ խմբագրություն զանգահարեց մեզ ծանոթ ընթերցողներից մեկը և հայտնեց, որ իր ազգականները խուճապի մեջ են, դրամատիկ իրավիճակ է ստեղծվել: Բանն այն է, որ նրանք անպտղության խնդիր ունեն, երկար տարիներ տառապել են երեխա ունենալու սպասումներով ու տարբեր միջոցների փնտրտուքներով, վերջապես իմացել են «Արագիլ» հիմնադրամի մասին, հույսեր են արթնացել, բայց հիմա այստեղ-այնտեղ կարդում են, թե հիմնադրամն այլևս չի գործելու:

Մեր զրուցակիցը խնդրեց արժանահավատ տեղեկություններ քաղել, որպեսզի հասկանա, թե ինչ ճակատագիր է սպասում իր ազգականներին: Այսպես ահա սկսվեց մեր հետաքննությունը, որի պատճառով, որքան էլ զարմանալի է, հայտնվեցինք արդի քաղաքականության և մեր ազգային ժառանգականության խաթարումների շուրջ տխուր մտորումների ու հետևությունների ծիրում: Նախ պատմությունը «Արագիլ» վերարտադրողական բժշկության աջակցության հիմնադրամը ստեղծվել է 2011 թ. ապրիլի 18-ին, գրում է ankakh.com-ը:

Հիմնադիրն է Վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիան, ստեղծման նպատակն է աջակցություն ցույց տալ այն ամուսնական զույգերին, որոնք արտամարմնային բեղմնավորման կարիք ունեն, սակայն ֆինանսական հնարավորություն չունեն դիմելու այդ միջոցին (շուրջ 2-2,5 մլն դրամ): Սակայն հիմնադրամի շնորհանդեսն իրականում տեղի է ունեցել 2013 թ. հոկտեմբերին՝ ասոցիացիայի 10-րդ ամենամյա համաժողովի ժամանակ: Ասոցիացիայի նախագահ Էդուարդ Համբարձումյանը տեսնելով, որ ասոցիացիայի ուժերից վեր է անհրաժեշտ դրամական միջոցներ ձեռք բերելը, դիմում է այն ժամանակ առաջին տիկին Ռիտա Սարգսյանին՝ խնդրելով հիմնադրամն առնել իր հովանավորության տակ և ստանձնել հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի պատասխանատվությունը:

Հիմնադրամի աշխատանքներում Ռիտա Սարգսյանի ներգրավվելուց հետո, նրա ընտրած մարտավարության շնորհիվ, բավական արագ սկսում են հավաքվել անհրաժեշտ միջոցները, և հնարավոր է դառնում տարիներ շարունակ երեխա երազող զույգերի արտամարմնային բեղմնավորման խնդիրը դնել գործնական հողի վրա: Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդում, ի դեպ, ընդգրկվում են այնպիսի անձնավորություններ, ինչպիսիք են նշանավոր գիտնական Ռենե Ֆրիդմանը՝ Ֆրանսիայում արհեստական բեղմնավորմամբ ծնված առաջին երեխայի գիտական «հայրը», Լոս-Անջելեսի CHA կլինիկայի բժշկական տնօրեն, Կալիֆոռնիայի բժիշկների հայ-ամերիկյան ասոցիացիայի նախագահ Վիգեն Սեպիլյանը, Մոսկվայի մարդկային վերարտադրման «Երեխաներ փորձանոթից» կլինիկայի բժշկական տնօրեն Էմմա Վարդանյանը, ԵՊԲՀ մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի դոցենտ Անդրանիկ Պողոսյանը, դոկտոր, պրոֆեսոր Կարինե Թոխունցը, բարերար Էթերի Կարապետյանը, «Կալիֆոռնիա Կուրիեր» թերթի գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանը և այլք: Անցած վեց տարիների ընթացքում հիմնադրամի շահառու է դարձել 1502 ամուսնական զույգ Երևանից, մարզերից և Արցախից, որոնք ուղեգրվել են Երևանի 5-6 բժշակական կենտրոններ, նրանցից 1432-ն ավարտել են գործողությունը, 70-ը դեռ ընթացքի մեջ են, 400 զույգ հերթի մեջ է, ծնվել է 642 երեխա:

Այս չոր թվերի հետևում մի չափազանց հուզիչ պատմություն է մարդկանց կյանքում տեղի ունեցած իսկական հրաշքի ու դրա պարգևած երջանկության մասին: Սա այն բացառիկ դեպքերից է, երբ հիմնադրամի գործունեության արդյունքները՝ այն 642 բալիկները և նրանց ծնողների երջանկության արցունքները, շատ ակնառու են ու մեկնաբանության կարիք չունեն: Համացանցում տասնյակ տեսագրություններ կան՝ պատառիկներ այս հուզիչ պատմություններից, որոնք նայելու համար, սակայն, բավական ամուր նյարդեր պիտի ունենաս արցունքներդ զսպելու համար և ստիպված պիտի խոստովանես, որ կան իրողություններ, որոնք տեսնելով անգամ՝ աչքերիդ չես հավատում և մտածում ես՝ նույնիսկ հայերենի նման շքեղ լեզվի բառագանձը չի բավականացնի տեսածդ ու զգացածդ լիարժեք նկարագրելու համար: Իսկ եթե դիմենք սոսկ չոր վիճակագրական լեզվին, ապա պիտի ասենք, որ այս հիմնադրամը մեր երկրի համար ամենացավոտ խնդիրներից մեկի՝ ժողովրդագրական աղետի կանխման գործին է լծված:

Որովհետև եթե ամբողջ աշխարհում հարաճուն անպտղությունը (միջինը բնակչության 15 տոկոսը կամ յուրաքանչյուր վեցերորդ կամ յոթերորդ զույգը) բազմաթիվ խնդիրներից մեկն է, ապա մեր երկրում դա հղի է աղետով, եթե դրան գումարենք բնակչության, այն էլ ծերացող բնակչության փոքր քանակն ու չդադարող արտագաղթը: Ի վերջո, այս հիմնադրամի շնորհիվ մի քար է դրվում ամենակարևոր մշակութային իրավունքներից մեկի՝ գիտության ընձեռած բարիքներից օգտվելու իրավունքի ապահովման հիմքին, որի իրացման հետ կապված առկա փաստական տվյալները, ավաղ, կիլոմետրերով հեռու են մխիթարական լինելուց: Ուրեմն ինչո՞ւ պիտի կասկածի տակ դրվեր այսքան պահանջված ու այսքան արդյունավետ հիմնադրամի հետագա ճակատագիրը:

Բարեգործություն բառի արմատը բարի-ն է՝ բարի գործը Ամեն ինչ սկսվեց «թավշյա հեղափոխությունից» հետո, երբ պարզ դարձավ, որ այս շնորհակալ, զուտ մարդասիրական գործին, որի համակիրներն ու աջակիցները հիմնականում մեր սփյուռքի բարերարներն էին, քաղաքական-կուսակցական շեշտադրումներ են խառնվել: Եվ խուճապը սկսվեց այն պահից, երբ նորընտիր վարչապետի տիկինը՝ Աննա Հակոբյանը, ասուլիս հրավիրեց և հայտարարեց, որ ցանկանում է բարեգործությամբ զբաղվել, ստեղծում է «Իմ քայլը» հիմադրամը: Պարզվեց, որ ի թիվս տասնյակ նպատակների, «Իմ քայլը» զբաղվելու է հենց այն գործով, ինչով զբաղվում է «Արագիլ» հիմնադրամը:

Նշելով, որ այդ այդ ուղղությունը «Իմ քայլը» հիմնադրամի հեռահար ծրագրերի շարքում է և ենթադրում է 1 միլիարդ դրամ բյուջե, Աննա Հակոբյանը բառացիորեն ասել է. «Այս ծրագրի միջոցով աջակցություն կտրամադրվի այն ընտանիքներին, ովքեր չեն կարողանում երեխա ունենալ և ցանկանում են դիմել այդ քայլին, սակայն բավական միջոցներ չունեն: Նախկինում դա «Արագիլ» հիմնադրամի միջոցով է եղել, որը գործունեությունը դադարեցրել է: Մենք ունենք 400 զույգի հերթ և այժմ պետք է արագացնենք»:

Անհասկանալի է, թե ինչից ելնելով էր նա հայտարարում, որ «Արագիլը» գործունեությունը դադարեցրել է, եթե վերջինս նման հայտարարություն չէր արել, և եթե տվյալ գործը «Իմ քայլի» «հեռահար» նկատակներից մեկն էր, ապա «մենք ունենք 400 զույգի հերթ այժմ և պետք է արագացնենք» ասելով՝ տիկին Հակոբյանը ո՞ւմ նկատի ուներ, այդ մենք-ը ո՞վքեր էին և ե՞րբ էին հասցրել հերթագրել այդ 400 զույգերին: «Արագիլ» հիմնադրամը ստիպված եղավ հայտարարություն անել, որում մասնավորապես ասվում էր. «Ի զարմանս մեզ, կայքերից մեկում հայտնաբերեցինք տեղեկություն այն մասին, որ Աննա Հակոբյանը ասուլիսի ժամանակ նշել է, թե անցյալում արտամարմնային բեղմնավորումը (ԷԿՕ) անզավակ զույգերի համար ֆինանսավորում էր «Արագիլ» հիմնադրամը, սակայն այժմ այն դադարեցրել է իր գործունեությունը։

Պաշտոնապես հայտնում ենք, որ լուրը չի համապատասխանում իրականությանը. մենք շարունակում ենք մեր գործունեությունը առանց փոփոխությունների: Այս պահին ընթացքի մեջ են գտնվում 80-ից ավելի զույգեր, ծնվել է մեր 639-րդ բալիկը, իսկ իրենց հերթին սպասում են ևս 358 զույգեր: Վերջին թվով պայմանավորված էլ ժամանակավոր դադարեցվել են նոր զույգերի գրանցումները: Ի լրումն՝ նշենք, որ 2014 թվականից ի վեր գրանցումներն իրականացվում են տարվա մեջ մեկ կամ երկու անգամ՝ 2 շաբաթից մինչև 2 ամիս տևողությամբ»։ Յուրաքանչյուր ոք ազատ է զբաղվելու մի գործով, որով մինչ այդ զբաղվել են նաև ուրիշները: Եթե նպատակն օգտակար է, ապա որքան շատ մարդիկ լծվեն դրան, այնքան լավ:

Ակնհայտ է, որ «Արագիլի» գաղափարը շատ է դուր եկել Աննա Հակոբյանին, մեծ է նրա ցանկությունն ու մղումը զբաղվելու այդ գործով, բայց ինչո՞ւ վնաս հասցնելով, փորձելով ձեռքի հետ «թավշյա» ձևով փակել այն հիմնադրամի դռները, որն արդեն ահռելի գործ է արել և արժանի է միայն գնահատանքի: Չէ՞ որ բարեգործություն բառի արմատը բարի-ն է՝ բարի գործը, ուրեմն որքանո՞վ է պատշաճ դա սկսել այսպիսի, մեղմ ասած, անազնիվ ճանապարհով: Տեղին է հիշեցնել, որ հայերս բարեգործության հարուստ ու շատ տպավորիչ պատմություն ունենք, որի արմատները հասնում են մինչև անհիշելի ժամանակներ: Բարեգործությունը, ինչպես ասում են, մեր արյան մեջ է և, անկասկած, մեր հարատևության գաղտնիքներից մեկն է:

Ինչպե՞ս ենք կարողացել մի քանի դար պետականություն չունենալով՝ պահպանել մեր ինքնությունը: Թերևս առաջին հերթին բարեգործության շնորհիվ և թերևս այն մտածելակերպի, որ այս անդաստանում տեղ ունեն միայն առողջ մրցակցությունն ու համագործակցությունը, միմյանց լրացնելով՝ միմյանց առաջ հրելը: Առաջին տիկինները հրաժարական չեն տալիս Ամենայն հավանականությամբ «առաջին տիկին» տիտղոսը թե կարգավիճակը, որ որդեգրել ենք օտարներից, տիկին Հակոբյանը շփոթում է պաշտոնի հետ:

Երբ իշխանափոխություն է տեղի ունենում և քաղաքական պաշտոններից ազատվում են նախկին իշխող կուսակցության ներկայացուցիչները և փոխարինվում նոր իշխող կուսակցության ներկայացուցիչներով, օրինաչափ է: Բայց ի՞նչ կապ ունեն իշխանափոխության հետ առաջին տիկինները, և մանավանդ ի՞նչ կապ ունի հասարակական, բարեգործական գործունեությունը իշխանափոխության հետ: Նախկին առաջին տիկինն ընդամենը բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է:

Այդ հիմնադրամը ղեկավար մարմին ունի՝ հոգաբարձուների խորհուրդ, 100-ից ավելի նվիրատուներ, հազարավոր շահառուներ, որոնք այս իրարանցման բացատրությունը ստանալու իրավունք ունեն: Ինչպե՞ս ենք նայելու նրանց աչքերի մեջ: Մի՞թե տիկին Հակոբյանը կարծում է՝ եթե Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել և նրա պաշտոնն այժմ իր ամուսինն է զբաղեցնում, ապա Ռիտա Սարգսյանի գործունեությունն էլ ինքնաբերաբար պիտի փոխանցվի իրեն:

Առաջին տիկինները սովորաբար հանդես են գալիս ոչ թե քաղաքական, այլ քաղաքացիական ոլորտում, հետևաբար հրաժարական տալու կամ չտալու անհրաժեշտություն չունեն, նրանք այդ տիտղոսը ձեռք են բերում ժամանակավոր, այնքան ժամանակ, քանի դեռ իրենց ամուսինը իշխանության գլխին է, իսկ մարդկանց հիշողության մեջ մնում են կամ շարունակում են հարգանք վայելել այնքանով, որքանով կարողանում են իրենց գործունեությամբ հետք թողնել պատմության մեջ:

Հայտնի ճշմարտություն կա՝ հնձում ես այն, ինչ ցանում ես, որ տվյալ դեպքում նշանակում է՝ մի վերաբերվիր նախկինի նկատմամբ այնպես, ինչպես որ չես ցանկանա քո նկատմամբ վերաբերվի քո հաջորդը: Շահում է նա, ով որևէ բան կառուցելիս փորձում է եղած քարերի վրա, եթե ճիշտ են շարված, իր քարը դնել, ոչ թե եղածները քանդել: Այնպես որ մեզ դիմած ընթերցողի ազգական զույգին խորհուրդ կտանք անվարան դիմել «Արագիլ» հիմնադրամին: Նրա շահառուների ցանկի ուսումնասիրությունն այն տպավորությունն է թողնում, որ մարդիկ սեփական միջոցները զոհաբերել են իրոք մարդասիրական, ոչ թե պատեհապաշտական մղումներով:

Մի բան, որ չես ասի «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» հիմնադրամների մասին, որոնց նվիրատուների ցանկերն այս օրերին բավական հակասական կարծիքների ու քննարկումների տեղիք են տվել: Այսպես թե այնպես, ժամանակն է, որ ամեն ինչ իր տեղն է դնում: Եվ, վերջապես, այս համատեքստում ակամա համոզմունք է ձևավորվում, որ «Արագիլ» հիմնադրամի անունը խորհրդանշական է ոչ միայն նրանով, որ ակնարկում է երեխաների սիրած հեքիաթը, թե երեխաներին արագիլն է բերում, և մեծերի այն պատկերացումը, թե արագիլը բարի լուրերի ավետաբերն է, այլև փոխաբերական ենթատեստ է բերում առ այն, որ «Արագիլը» կոչված է թռչելու, ոչ թե սոսկ քայլեր անելու, ապարդյուն են նրա թևերը կտրելու փորձերը:

 

Անահիտ Հարությունյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ