27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Դըմփ-դըմփ-հու, դըմփ-դըմփ-հու

Նախօրեին  Ազգային ժողովի մեծամասնությունը հասավ իր նպատակին՝ԱԺ արտահերթ նիստում 117 կողմ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունելով ԱԺ կանոնակարգ և Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքներում կատարված փոփոխությունները: Հիմնական զեկուցող արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հայտարարեց, որ օրենքներում կատարված փոփոխությունները ՍԴ պահանջն են եղել և որ  ՍԴ-ն ՀՀ նախագահի դիմումի հիման վրա օրենքներում հակասահմանադրական դրույթներ էր գտել:  Որոնց վերացմանն էլ այսօր լծվել էր ԱԺ-ն:

 «ԱԺ կանոնակարգ» օրենքի 141-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն` եթե Սահմանադրական դատարանի դատավորը չի ընտրվում, ապա քվեարկությունից հետո` տասնօրյա ժամկետում, իրավասու մարմինը առաջադրում է նոր թեկնածու: Իսկ նախորդ գումարման ԱԺ-ն կողմ չէր քվեարկել նրա թեկնածությանը, եւ մի շարք իրավաբանների կարծիքով նրա թեկնածությունը վերստին չի կարող առաջադրվել`հաշվի առնելով նշված իրավակարգավորումը, թեեւ այլ կարծիքի է ինքը` Վահեն, ով հայտարարված մրցույթում ներկայացրել էր իր թեկնածությունը: Այս անգամ Նախագահը նախընտրեց գիտությունների դոկտոր Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը` նրան առաջադրելով որպես ՍԴ դատավորի թեկնածու:

Բայց խորհրդարանական մեծամասնությունը կարծես շատ է ուզում  Վահե Գրիգորյանին տեսնել ՍԴ դատավորի կարգավիճակում: Այն նույն Վահեի, որը Մարտի մեկի գործով իշխանություններին շատ կոնկրետ ծառայություններ ունի մատուցած: Այն Վահե Գրիգորյանի, որը դե յուրե ներկայացնելով մարտի 1-ի գործով տուժողների շահը, դե ֆակտո ըստ ամենայնի՝ տուժողների ու նրանց հարազատներին դեմ է գործում՝ սպասարկելով օրվա  իշխանություններին շահը, իսկ իշխանություններն էլ նրա ծառայությունների համար իրեն պարգևատրում են ՍԴ դատավորի պաշտոնով:

Վերջապես, Այն Վահե Գրիգորյանի, որի անունը մի քանի անգամ շոշափվում էր Սասուն Խաչատրյան-Արթուր Վանեցյան սկանդալային հեռախոսազրույցում: Հիշեցնենք, որ հայտնի ձայնագրության մեջ երկու պաշտոնատար անձինք գալիս են ընդհանուր հայտարարի, թե՝ «Մարտի 1-ի գործով կասեն փաստաբան Վահե Գրիգորյանը մի ելույթ կպատրաստի՝ որպես փաստաբան , որպես փորձագետ», ասել է թե ակնհայտ համագործակցել է  իրավապահ մարմինների հետ:

Հարցն այն ժամանակ  առկախ էր մի տեսակ՝ փաստաբան Վահե Գրիգորյանն իր վերոհիշյալ համագործակցությամբ գործել է իր վստահորդների շահերին կողմ, թե՞ դեմ: Այժմ հիմնականում պարզ է, թեպետ կարելի է նաև   հարց ուղղել հենց  իրեն, փաստաբան Վահե Գրիգորյանին՝ եթե իշխող քաղաքական ուժի համառության արդյունքում  դառնա ՍԴ դատավոր` ո՞ւմ շահերն է պաշտպանելու, շարունակելու է ելույթներ, տվյալ պարագայում` հատուկ կարծիքներ կամ որոշումներ գրել գաղտնալսման մեջ հիշատակվող երեք գործող անձանց հետ համաձայնեցնելո՞վ կամ հորդորո՞վ:

Արդյոք սա է իրավաբան Վահե Գրիգորյանի  տեսլականն իր ապագա մասնագիտական գործունեության վերաբերյալ, եւ արդյոք իր շահերից էր բխում իր այսչափ քաղաքականացումը, երբ արդեն ստորին պլան մղվեցին նրա մասնագիտական հմտությունները՝ առաջ պլան բերելով կոնկրետ քաղաքական ուժի հետ իր առնչությունն ու մատուցած ծառայությունները առ այն, որ հանուն նրա նշանակման կատարվում են օրենսդրական փոփոխություններ։

Քաղաքական և իրավական հարթություններում ընթացող պայքարում եթե հաղթող դուրս գա քաղաքականությունը, ապա կստացվի, որ իշխանությունները կրկին ու վերստին իրենց շարունակում են վերաձևել-հարմարեցնել  երկրի օրենսդրությունն իրենց քաղաքական նախասիրություններին։  Շարունակում են քաղաքականացնել դատական համակարգը։

Ոչինչ չի փոխվել: Ուղղակի այն ժամանակ ամեն ինչ արվում էր սուսուփուս, իսկ հիմա՝ դըմփ-դըմփ-հու, դըմփ-դըմփ-հու:

Փաստինֆո

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ