Լկտիություն է և անարգանք ակադեմիական շրջանակի հանդեպ .Գևորգ Պապոյան
«Նախագծի ընդունումը շատ կարևոր է, քանի որ այսօր ակադեմիական, գիտական և դասախոսական շրջանակների հանդեպ կա անարգանք։ ԵՊՀ-ի դիմաց վարձակալած է հսկայական տարածք և մեծ պաստառով գրված է՝ «Վաճառվում են կուրսայիններ, դիպլոմայիններ»: Սա, կարծում եմ, լկտիություն է և անարգանք այն ակադեմիական շրջանակի հանդեպ, որը գործունեություն է ծավալում դիմացի շենքում գտնվող պատերի ներսում»,- անդրադառնալով «ՀՀ գովազդի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին, որով նախատեսվում է արգելել գումարով կուրսային և դիպլոմային աշխատանքների մասին գովազդները, նշեց ԱԺ «Իմ քայլը խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը:
«Եթե օրենքի այդ նախագծով լուծվի անգամ մեկ խնդիր, որ գովազդի մասին ցուցանակները վերանան և շենքերը փակվեն, ապա պատգամավորի համար սա արդեն մեծ դրական փոփոխություն է։Ամեն անգամ, երբ անցնում եմ այդ պաստառների կողքով, որպես բուհի դասախոս և այդ շրջանակի ներկայացուցիչ՝ ինձ վատ եմ զգում, որովհետև սա առաջին հերթին՝ անարգանք է մեր հանդեպ, և այս խնդիրը մենք պետք է լուծենք, մյուս խնդիրների լուծումը շատ դժվար է, կարծում եմ՝ դրանց լուծման բանալին որոշ առումով ակադեմիական ազնվության մեջ է»,- եզրափակեց պատգամավորը։