Ինչո՞ւ է փակվել 162 տարի գործող ռեստորանը
ԱՄՆ-ի Միչիգան նահանգում փակվել է մի ռեստորան, որն աշխատելիս է եղել 162 տարի շարունակ: Սեփականատեր Թիմ Ուիլքինսը այցելուներին հայտնել է, որ “White Horse Inn” ռեստորանի փակվելու պատճառը նրա “պատկառելի տարիքն է”:
Ռեստորանի սեփականատերը նշել է, որ շինության վիճակը դեռեւս անհույս չէ, սակայն ամեն դեպքում այն կապիտալ վերանորոգման կարիք ունի` ելնելով այցելուների եւ աշխատակիցների անվտանգության ապահովման նկատառումներից: Այնուամենայնիվ, այնտեղ որեւէ աշխատանք կատարել չեն պատրաստվում: Ուիլքինսը հայտնել է, որ ավելի խելամիտ է փակել այն:
Ռեստորանն սկսել է աշխատել 1850-ին, երբ Լորենցո Հորդը գնել է շինությունը, որում այն ժամանակ խանութ է տեղակայված եղել, որտեղ վաճառվել են տարբեր տեսակի ապրանքներ: Հորդն սկսել է այնտեղ տարբեր ճաշատեսակներ պատրաստել ճանապարհորդների համար: Այնուհետեւ այնտեղ եւ պանդոկ է եղել, եւ փոքր ինքնաթիռների համար կանգառի վայր, սակայն ռեստորանը չի փակվել մինչեւ 2012-ը:
“White Horse Inn”-ն այցելուներին գրավել է ոչ միայն իր պատմությամբ եւ ճաշացանկով, այլ նաեւ հետաքրքիր միջոցառումներով: Օրինակ` ռեստորանում հաճախակի կազմակերպվել է ոտաբոբիկ պարելու մրցույթ: