Չի շփոթվում /վիդեո/
՛՛Մենք ՕԵԿ-ին մաղթում ենք հաջողություն ու իրենց որոշմանը հարգանքով ենք վերաբերվում՛՛,-այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանի հայտարարությունը, թե պետք եղած դեպքում ՀՀԿ-ականներն ասում էին, որ իրենք 76 պատգամավոր են՝ նկատի ունենալով նաև ՕԵԿ խմբակցությանը:
Անդրադառնալով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին, որտեղ նա նշել էր, որ սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն չի տեսնում՝ Շարմազանովը նշեց. ՛՛Բնական է, որ երկրորդ և առաջին նախագահները, քաղաքական այլ գործիչներ ունեն իրենց կարծիքը: Նրանք նաև ունեն քննադատելու իրավունք:
Մենք հարգանքով ենք վերաբերում պարոն Քոչարյանի, պարոն Տեր- Պետրոսյանի և այլ պարոնների կարծիքներին, բայց մենք ունենք մեր կարծիքը և մենք գտնում ենք, որ եթե խոսում ենք համակարգային փոփոխությունների անհրաժեշտության մասին, ապա համակարգային բարեփոխումներն առանց սահմանադրական փոփոխությունների հնարավոր չեն:
Գոնե ինձ համար բավականին զարմանալի է այն քաղաքական ուժերի հայտարարությունները, ովքեր նախագահական ընտրություններից առաջ հայտարարում էին հարյուր տոկոս համամասնական ընտրակարգի անցման անհրաժեշտության և պառլամենտական համակարգին անցնելու մասին, իսկ հիմա ասում են, որ դրա անհրաժեշտությունը չկա՛՛:
Տեսակետին, թե Ռոբերտ Քոչարյանի կադրերն են վերադառնում Կառավարություն, նա արձագանքեց. ՛՛Կառավարությունում հիմա ՀՀԿ-ի կադրերն են՛՛: Դիտարկմանը՝ մարդիկ, են գալիս, ովքեր Քոչարյանի օրոք էլ զբաղեցրել են համապատասխան պաշտոններ, Շարմազանովը պատասխանեց, որ և 1998 թ-ին, և 2003-ին նախագահ Քոչարյանի հիմնական հենարանը եղել է ՀՀԿ-ը:
՛՛ՀՀԿ ներկայացուցիչներն աշխատել են այդ կաբինետում, դուք նո՞ր եք իմանում, որ մենք և պարոն Քոչարյանը համագործակցելով՝ տասը տարի աշխատել ենք և եղել ենք որպես քաղաքական թիմ ամենաազդեցիկ քաղաքական կուսակցությունը, ի՞նչի մասին է խոսքը՛՛:
Հիշեցնենք, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նաև նշել է. ՛՛Ափսոսում եմ, որ նախագահը երկրի ճակատագրով անկեղծ մտահոգությունը չտարբերեց իշխանությունների գործունեության ողբալի արդյունքների վրա չարախնդալուց՛՛:
Այս մասով ԱԺ փոխնախագահը շեշտեց. ՛՛Սերժ Սարգսյանն իր քաղաքական իմաստությամբ ապացուցել է, որ քաղաքական գործընթացներում և գնահատականներում դժվար է շթոփվում և գրեթե երբեք չի շփոթվում՛՛:
Մանրամասները՝ տեսանյութում: