27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հայաստանի ներկայիս իշխանությունների մոտ ծագել են լրջագույն խնդիրներ՝ Հայաստան զենք ներկրելու հարցերում

Պետական, քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանը հայտնում է արցախյան հիմնախնդրի շուրջ բանակցությունների վերաբերյալ իր մտավախությունները:

Պետական, քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանը առաջին անգամ չէ, որ ահազանգում ու ներկայացնում է իր հիմնավորված մտահոգությունները ինչպես ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացում ստեղծված վիճակի, այնպես էլ՝ Հայաստանին ու Արցախին սպառնացող վտանգների վերաբերյալ:

Մասնավորապես այն, որ այսպես կոչված՝ «վերելակային հրադադարի» ժամանակահատվածն ադրբեջանական կողմն օգտագործել է ինչպես Հայաստան-Նախիջևան սահմանագոտում, այնպես էլ՝ Արցախ-Ադրբեջան շփման գծում իր դիրքերը բարելավելու համար:

Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով այդ խնդրին՝ Դավիթ Շահնազարյանը նկատեց. «Ուզում եմ հիշեցնել իշխանություններին, որ երբեք հաջորդ պատերազմը նման չի լինում նախորդ պատերազմին: Դա իշխանությունները պետք է նկատի ունենան:

Եվ մի մտավախություն էլ ասեմ, խնդրում եմ՝ մանրամասնող հարց չտալ:

Հայաստանի ներկայիս իշխանությունների մոտ ծագել են լրջագույն խնդիրներ՝  Հայաստան զենք ներկրելու հարցերում: Լրջագո՛ւյն: Եվ քաղաքական խնդիրներ են դրանք, այլ ոչ թե՝ տեխնիկական կամ ֆինանսական: Հույս ունենք, որ կկարողանան լուծել, որովհետև խնդիրները լուրջ են: Առայժմ, ինչ ասացի, դրանով սահմանափակվենք»:

Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի ընթացիկ վիճակին, մասնավորապես, վերջին միջնորդական ակտիվացմանը, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությանը և զուգահեռ զարգացումներին, ապա Դավիթ Շահնազարյանի դիտարկումները բավականին խիստ են. «Հայաստանի ղեկավարությունը, տվյալ դեպքում՝ վարչապետն ու ԱԳ նախարարը, քանի որ նրանք են զբաղվում այդ հարցով, ըստ էության, պատրաստ չեն այդ բանակցություններին:

Ես ընդգծել եմ, ավելորդ չէ մեկ անգամ ևս նշել, որ այն, ինչ տեղի է ունեցել բանակցային գործընթացում վերջին 11 ամիսների ընթացքում, դա Ադրբեջանի կողմից լրջագույն դիվանագիտական նվաճում է եղել: Եթե ընդհանրապես փորձենք համեմատել հակամարտության բանակցային  գործընթացի ողջ պատմության հետ, հավանաբար, 1996 թվականի Լիսաբոնից հետո նման մեծ հաջողություն նրանք չէին ունեցել: Նրանց հաջողվեց օրակարգից հանել իրենց համար, մեղմ ասած, շատ տհաճ հարցը՝ կապված շփման գծում միջոցառումների հետ: Դա այսպես կոչված՝ Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի, Ժնևի օրակարգն էր: Ընդ որում, կարծես թե դա հաջողվեց, ոչ թե իրենց ջանքերով, այլ ավելի շատ Հայաստանի «ջանքերով», հասկանալի է՝  վերջին դեպքում բացասական իմաստով եմ ասում՝ ջանքերով»:

Առաջիկայում սպասվող Փաշինյան-Ալիև հանդիպման հետ կապված Sputnik Արմենիայի զրուցակիցն ընդգծում է այն հանգամանքը, որ Հայաստանը չի ներկայացնում բանակցային իր հայեցակարգը: Դավիթ Շահնազարյանը հայտարարում է, որ Հայաստանի վարչապետն ու ԱԳ նախարարը ընդհանրական հայեցակարգ չունեն, անընդհատ իրարամերժ հայտարարություններով են հանդես գալիս: «Եվ արդյունքում հիմա ստացել ենք մի վիճակ, որ  Փաշինյանը շատ մոտ ժամանակներս գնալու է Ալիևի հետ հանդիպման, բայց այն տեսակետը, թե ինչ բանաձևով է Հայաստանը բանակցելու, մինչև հիմա գոյություն չունի, չեն արտահայտել»,-նշեց մեր զրուցակիցը:

Դավիթ Շահնազարյանի բնորոշմամբ՝ ՄԽ համանախագահների մարտի 9-ի հայտարարությունը, մեղմ ասած, շատ սառը ցնցուղ էր: «Հայաստանի իշխանություններն արդյոք հասկացե՞լ են իրավիճակի լրջությունը, և պատրա՞ստ են արդյոք վերցնել պատասխանատվության այդ ողջ ծանր բեռը և գնալ ռացիոնալ բանակցությունների՝ մշակած ունենալով բանակցությունների թե՛ մարտավարությունը, թե՛ ռազմավարությունը»,- ասաց մեր զրուցակիցը:

Նրա խոսքով, ձևավորվել է մի կացություն, երբ Հայաստանի դիրքորոշումը անհասկանալի է միջազգային հանրության ներկայացուցիչներին:

«Մի հատված կա, հատկապես զինվորականության մեջ, որ ասում են՝ դե լավ,  բանակցությունները կարևոր չեն: Ո՛չ, դա այդպես չէ: Դա չափազանց կարևոր է: Սա ռազմաճակատի վիճակից և նույնիսկ ռազմական գործողությունների արդյունքից ոչ պակաս կարևոր է, որովհետև մենք հայտնվել ենք շատ վատ վիճակի մեջ: Մենք անհասկանալի ենք միջնորդների համար, անհասկանալի ենք միջազգային հանրության համար:

Եվ, ինչպես ասացի, ըստ էության, հիմա մենք միջազգային հանրության հետ չենք, այս պահին միջազգային հանրությունն ավելի շատ Ադրբեջանի հետ է: Եվ, եթե 2016 թվականի ապրիլյան քառօրյայի ժամանակ միջազգային հանրությունը պասիվ հայկական կողմերին էր սատարում, ընդգծում եմ՝ պասիվ, ապա՝ ապագա պատերազմում, այսօրվա վիճակից ելնելով, ես լուրջ մտավախություն ունեմ, որ այդպես չի լինի: Իսկ որ պատերազմն անխուսափելի է, դրանում, կներեք, ես կասկած չունեմ»,-շեշտեց Դավիթ Շահնազարյանը:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ