Դ!եմ եմ շարժման կոչը կառավարությանը
Բազմիցս ներկայացնելով հասարակության լայն շերտերի պահանջներն արդեն ՀՀ նախկին կառավարությանը՝ հարկ ենք համարում այս անգամ ևս ներկայացնել մեր պահանջները ձևավորվող կառավարությանը՝ միաժամանակ հորդորելով վերջինիս գտնվել խելամիտ, չկրկնել նախորդ Կառավարության գործելաոճն ու թույլ տված սխալները, չգործել ի հակառակ ժողովրդի կամքի և ՀՀ Սահմանադրության ու ՀՀ Սահմանադրական դատարանի որոշման։
Հուսով ենք, որ ՀՀ Սահմանադրական դատարանի որոշման շուտափույթ կատարումը ՀՀ կառավարության կողմից կընկալվի ոչ թե «քաղաքական կամքի դրսևորման», այլ բացառապես բարձր իրավագիտակցության տեսանկյունից, քանզի այն այլևս գտնվում է բացառապես իրավական հարթության մեջ, որի չկատարումը կարող է հանգեցնել համապատասխան պաշտոնատար անձանց պատասխանատվության։
Ուստի, կոչ ենք անում ՀՀ կառավարությանը, ի կատարումն ՀՀ Սահմանադրական դատարանի 02․04․2014թ. թիվ ՍԴՈ-1142 որոշման 6-րդ կետի պահանջի, անհապաղ ձեռնարկել հետևյալ քայլերն ամբողջությամբ, այլ ոչ թե մասնակիորեն․
Օր առաջ բոլոր գործատուներին (անկախ նրանից՝ գործատուն փոխհատուցել է իր աշխատողների պարտադիր կուտակային կենսաթոշակային վճարը, թե ոչ) պատշաճ կերպով ծանուցել կառավարության՝ հստակ ու առանց ենթատեքստերի պաշտոնական դիրքորոշման մասին առ այն, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային վճարներ կարելի է գանձել միայն այն աշխատակիցներից, ովքեր գրավոր կամք կարտահայտեն մասնակցելու ներկայիս համակարգին:
Համապատասխան իրավական ակտով կասեցնել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի դրույթների գործողությունը։
Համապատասխան իրավական ակտով փոփոխություններ կատարել եկամտային հարկի մասով ՀՀ պետական եկամուտների կոմիտե ներկայացվող էլեկտրոնային հաշվետվություններում՝ դադարեցնելով հաշվետվության ծրագրային մոդուլի՝ ինքնաշխատ եղանակով կուտակային վճարների դաշտի կիրարկումը։
Ծրագրային մոդուլով կուտակային ֆոնդ ու ֆոնդի կառավարիչ ընտրել միայն այն անձանց համար, ովքեր գրավոր կամք են հայտնել մասնակցել ներկայիս համակարգին, իսկ նրանց համար ովքեր գրավոր կերպով այդ կամքը չեն հայտնել դադարեցնել ծրագրային մոդուլով կուտակային ֆոնդ ու ֆոնդի կառավարչի ընտրությունն ու չեղարկել նրանց համար մինչ օրս ֆոնդերի ու ֆոնդերի կառավարիչների ավտոմատ եղանակով ընտրության՝ ՀՀ կենտրոնական դեպոզիտարիայի ապօրինի գործողությունները։
Համապատասխան իրավական ակտով ապահովել անցած ամիսների համար վերահաշվարկ կատարելու և գումարները վերադարձնելու գործընթացը։
Սրանք այն պահանջներն են, որոնք ամբողջությամբ, և ոչ թե մասամբ, պետք է անհապաղ և օր առաջ լուծում ստանան: Հակառակ դեպքում նշված պահանջների բավարարման ուշացումը հանգեցնելու է հանրային ընդվզման նոր և ավելի ուժեղ ալիքի՝ խորացնելով կառավարության հանդեպ անվստահության առանց այն էլ ծայրաստիճան բարձր մակարդակը:
Տեխնիկական բնույթի աշխատանքների կամ ցանկացած այլ պատճառներով ՀՀ Սահմանադրական դատարանի վերոնշյալ որոշման կատարումը ձգձգելու դեպքում մեր պայքարը վերցնելու է ավելի լայն շրջանակ և շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ մեր կողմից բարձրացված ու Սահմանադրական դատարանի որոշմամբ ամրագրված բոլոր հարցերը չեն ստացել իրենց լուծումները:
Հարգանքով,
“Դ!ԵՄ ԵՄ” թիմ