Վարչապետը ներկայացրել է առողջապահության և քաղաքաշինության նորանշանակ նախարարներին
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ՀՀ առողջապահության և քաղաքաշինության նախարարությունների աշխատակազմերին է ներկայացրել ՀՀ առողջապահության նորանշանակ նախարար Արմեն Մուրադյանին և ՀՀ քաղաքաշինության նորանշանակ նախարար Նարեկ Սարգսյանին:
Վարչապետ Աբրահամյանը նախ շնորհակալություն է հայտնել նախկին նախարարներին համատեղ արդյունավետ աշխատանքի համար՝ բարձր գնահատելով Ազգային ժողովի նախագահի պաշտոնում նրանց հետ ծավալված համագործակցությունը: Կառավարության ղեկավարը վստահեցրել է, որ Դերենիկ Դումանյանի և Սամվել Թադևոսյանի մասնագիտական գիտելիքները և փորձը ապագայում ևս կծառայեն մեր երկրի հետագա զարգացմանը:
Այնուհետև ներկայացնելով ՀՀ առողջապահության և քաղաքաշինության նորանշանակ նախարարներին՝ Հովիկ Աբրահամյանը նշել է. “Արմեն Մուրադյանն աշխատել է առողջապահության ոլորտում, և համոզված եմ, որ փորձելու է անպայման իրականացնել իր առջև դրված խնդիրները: Այս ոլորտում մենք մեծ անելիքներ ունենք”: Վարչապետի խոսքով՝ անհրաժեշտ են ժամանակ և ռեսուրսներ առկա բոլոր խնդիրները միասին հաղթահարելու համար:
“Նարեկ Սարգսյանը բանիմաց է այս ոլորտում, քաջատեղյակ է քաղաքաշինական բոլոր գործընթացներին, որոնք ընթանում են մեր երկրում: Համոզված եմ, որ նորանշանակ նախարարը պատկերացնում է իր անելիքները և հույս ունեմ, որ անպայման փորձելու է իր գիտելիքները, փորձը ներդնել և իրականացնել մեր պայմանավորվածությունները”, – ասել է կառավարության ղեկավարը: Վարչապետ Աբրահամյանը շնորհավորել է Արմեն Մուրադյանին և Նարեկ Սարգսյանին առողջապահության և քաղաքաշինության նախարարների պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, մաղթել բեղմնավոր աշխատանք:
Արդեն նախկին նախարարներ Դերենիկ Դումանյանը և Սամվել Թադևոսյանը շնորհակալություն են հայտնել ՀՀ նախագահին և ՀՀ վարչապետին վստահության, նախարարությունների աշխատակազմերին՝ համատեղ աշխատանքի համար և հաջողություն մաղթել նորանշանակ նախարարներին: