Ժողովուրդը գնացել է հեղափոխության, որ ոչ թե կրճատումներ լինեն, այլ աշխատատեղեր բացվեն. Ծառուկյան
Եթե ժողովուրդն այսօր գնացել է հեղափոխության, ոչ թե պետք է կրճատումներ լինեն, այլ աշխատատեղեր լինեն, ներդրումներ լինեն, աշխատավարձի բարձրացում լինի, բանկի տոկոսների ցածրացում լինի, հարկերի նվազում լինի: Այս մասին այսօր՝ մարտի 13-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով պետական կառավարման համակարգում սպասվող շուրջ 10 հազար կրճատումներին:
Նրա խոսքով, չի կարելի դնել կրճատել եւ մարդիկ գործազուկ դառնան. «Իհարկե դեմ ենք դրան: Թեկուզ 10 հազար մարդ, բայց 10 հազար չի, որովհետեւ 30 տոկոսը մոտավորապես 90 հազար մարդ է: Այդ 90 հազար մարդուն պետք է ապահովեն աշխատանքով, նրանք մեր հայրենակիցներն են: Այսօր մարդը ոչ թե պետք է գնա տունը նստի ու մտածի, թե տունը ոնց պահի, այլ եթե կրճատում են, թող մարդկանց աշխատանքով ապահովեն, մինչեւ լիարժեք աշխատատեղեր կլինեն:
Թե չէ, մենք չենք կարող մասնակից լինենք այն բանին, որ ժողովուրդը սպասել է, որ պետք է ավելի լավ ապրի, աշխատավարձը պետք է բարձրանա, մարդը կարողանա իր վարկերն ու տոկոսները փակի»,-ասաց Ծառուկյանը:
Նա նկատեց, որ այսօր ամեն ընտանիքից 2,5 մարդ վարկերի տակ է. «Մարդը հիմա չի մտածում լավ ապրելու մասին, մտածում է վարկերը փակելու մասին, որ հանկարծ փողոցում չմնա»: