”Մենք կարող ենք և կանենք” միջազգային երիտասարդական փոխանակման ծրագիրը Հայաստանում
Հայաստանում ապրիլի 21-ին մեկնարկել է Համաշխարհային հայկական երիտասարդական Ոստայնի (WostAYN) կողմից իրականացվող ”Մենք կարող ենք և կանենք” (We can, we will) միջազգային երիտասարդական փոխանակման ծրագիրը, որին մասնակցում են Հայաստանի, Վրաստանի, Ռումինիայի, Գերմանիայի, Իտալիայի և Լատվիայի երիտասարդական կազմակերպությունների 40 ներկայացուցիչներ:
Երիտասարդության շրջանում առաջնահերթ խնդիրներից մեկը գործազրկությունն է: Տարբեր երկրներից ժամանած երիտասարդները տասը օրերի ընթացքում կներկայացնեն իրենց երկրներում տիրող իրավիճակը, երիտասարդության շրջանում առկա խնդիրները: Մասնակիցները միմյանց կփոխանցեն իրենց փորձն ու գիտելիքները, ինչը հնարավորություն կտա նվազեցնել գործազրկության մակարդակը: Փորձառու մասնագետները երիտասարդներին կուսուցանեն ինքնակենսագրություն, հետաքրքրվածության նամակ գրելու գաղտնիքները, ինչպես լինել մրցունակ աշխատանքային շուկայում: Մասնակիցները նաև կհանդիպեն երիտասարդ գործարարների, ովքեր հաջողություններ են արձանագրել իրենց կյանքում:
Ծրագրի ընթացքում ակտիվ քաղաքացիական նախաձեռնությունների, երիտասարդական աշխատանքի, կամավորության խնդիրների քննարկում կծավալվի: Մասնակիցները հնարավորություն կունենան միջմշակութային երեկոների միջոցով ծանոթանալ տարբեր երկրների մշակութային առանձնահատկություններին, ավանդույթներին ու սովորույթներին:
”Նմանատիպ ծրագրեր արդեն իսկ իրականացվել են, և արդյունքներն հիանալի են. յուրաքանչյուր ծրագրից հետո մասնակիցներն օգտագործելով ստացած փորձն ու գիտելիքները, գտնում են իրենց համար նախընտրելի աշխատանք”,- ասում է ծրագրի համակարգող Արամ Քոչարյանը:
Որպես ծրագրի արդյունք` մասնակիցները միասին կստեղծեն ”Գտիր աշխատանքդ” խորագրով ձեռնարկ, որը կտարածվի նաև ծրագրին չմասնակցող երիտասարդների շրջանում` հույս ունենալով, որ այն կնպաստի գործազրկության նվազմանը:
”Մենք կարող ենք և կանենք” ծրագիրն իրականացնում է Համաշխարհային հայկական երիտասարդական ոստայն (WostAYN) հասարակական կազմակերպությունը Երիտասարդակա նակումբների դաշնության (FYCA) և գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ: