Երբ է ամուսնությունը բարեհաջող
Ա. Բարեհաջող է ամուսնությունը, եթե ամուսինները միմյանց հանդեպ հավատարիմ են և միմյանց սիրում են ինչպես սեփական անձը, մինչև որ այր ու կին չեն երևում իբրև երկու տարբեր անձ, այլ մի հոգի՝ բնակված երկու մարմնի մեջ. նաև ողջամիտ են ու աշխատասեր, ուրախ, հանդարտ, ընտանիքի փոխնիփոխ հոգածուներ, տղամարդը՝ դրսի գործերով զբաղված, կինը՝ տան կարգավորությամբ, միմյանց մխիթարող ու օգնող, այնպե՜ս, որ ապրում են ոչ այլ բանի, եթե ոչ միմյանց օգտակարության ու հաճելի լինելու համար:
Բ. Պետք է ոչ թե գեղեցիկ կին փնտրել, այլ բարեբարո: Գեղեցիկ տեսքով, բայց չարաբարո կինը գեղեցկախայտ օձ է: Ով փափագում է հույժ գեղեցիկին կնության առնել, վերջիվերջո կամ խելագարվում է, կամ աղքատության մեջ ընկնում:
Գ. Կնոջ գեղեցկությունը նրա կերպարանքի վայելչությունը չէ, որ օր առ օր եղծվում է, այլ համեստությունն ու հնազանդությունը, որոնք մինչև վերջ էլ չգիտեն պակասել:
Դ. Ով ամեն ինչում իր կնոջ կամքին է հետևում, իրեն գերի է դարձնում, իսկ ով միշտ ընդդիմանում է, իրեն թշնամի է դարձնում: Ուստի ամուսնացածը խոհեմության կարիք ավելի ունի, քան ամուրին, որովհետև ամուրին հոգ է տանում միայն իրե՜ն լավ կառավարելու մասին, իսկ ամուսնացածը՝ միաժամանակ իրեն ու իր ամուսնուն: Տղամարդուն վայել չէ կնոջը որպես անարգ աղախին պահել, ոչ էլ՝ որպես ամուսնուն հրամայող տիկին, այլ չափավորության մեջ պահել:
Ե. Կինն անզգամ է, եթե իր ամուսնու կամքին հակառակվում ու կռվում է, ամուսինը խելագար է, եթե նրա հետ հրապարակավ վիճում է:
Զ. Եթե կինը բարի է, պետք է նրան էլ առավել խնամել, որ ավելի բարի լինի. իսկ եթե չար է, պետք է համբերել, որ էլ առավել չար չլինի:
Է. Իմաստուն զորավարը, որ կարողանում է ղեկավարել մի մեծ բանակ, չի կարողանում կառավարել միայն մի դաժան կնոջ: Որովհետև հնարավոր չէ, որ մարդկային խոհեմությունը կառավարի նրան, ով մարդկությունից դուրս է կենցաղավարում:
Ը. Կնոջ անզգամությունը երկրաշարժից ավելի է կործանում ամուսնու տունը և նրա ամբողջ ունեցվածքը քամուց բորբոքված հըրդեհի նման մոխիր դարձնում: Ով կամենում է դժոխքի տանջանքի մասին ինչ-որ բան իմանալ, թող սովորի նրանից, ով անզգամ կին ունի:
Թ. Ավելի մեծ արիության կարիք կա կանանց անզգամությունը տանելու համար, քան հզոր թշնամիների բռնությունը: Որովհետև անզգամ կանանց բարկությունը գազանական է, նախանձը՝ դիվական, և սերը՝ կեղծավոր:
Ժ. Կանանց ցեղի համար սովորական մոլություն է իրենց ունեցած բարիքը ոչինչ համարել և ցանկանալ այն, ինչ չունեն, եթե նույնիսկ դրա ձեռքբերումն անօգուտ կամ դժվարին է:
ԺԱ. Երբ կանայք մի փոքր համարձակություն են ձեռք բերում, իրենց ամբարտավանությունն աճեցնում են: Երբ դույզն-ինչ անպատվություն են զգում, մեծ խռովություն են բարձրացնում, որովհետև ամեն ինչ խոշորացույցով են տեսնում: Ուստի մեծ զգուշություն է հարկավոր նրանց չափավորության մեջ պահելու համար:
ԺԲ. Թվում է՝ կանայք դժկամ ու անհավան են տղամարդկանց գլխավոր լինելուն՝ մտքում ասելով. «Ինչո՞ւ տղամարդիկ մեզ վրա հրամանատար կարգվեցին, և մենք հրամանակատար եղանք»: Եվ քանի որ բացահայտ ընդդիմանալ չեն կարող՝ գիտենալով, որ դա աստվածային կարգադրությամբ է, սկսում են լռելյայն հակառակվել և գանգատվում են տղամարդկանց բարքից, թե՝ «մեզ տիրողաբար են հրամայում»:
ԺԳ. Իրեն անզերծ ծառայության է վաճառում նա, ով ինքն աղքատ լինելով հարուստ կին է առնում: Եթե կամենում ես իմանալ, թե որ գերին է չափազանց ողորմելի ու դժբախտ, իմացի՜ր, որ նա է, ով իր կնոջ ծառան դառնալով՝ տղամարդու կերպարանքը կորցնում է:
ԺԴ. Իմաստուն չէ այն մարդը, որ կարծում է, թե կնոջ սերը հաստատուն է: Որովհետև նրանք ինչպես որ բարքով են հողդողդուն, այնպես էլ սիրով: Կինն ինչպես որ առաջինն է իր ամուսնուն սիրողների մեջ, քանի դեռ նա կենդանի է, այդպես էլ առաջինն է նրան մոռացողների մեջ, երբ նրա մահվանից հետո ուրիշի հետ է ամուսնանում:
ԺԵ. Երբ մանկամարդ կինն ամուսնու մեռնելու ժամանակ պատշաճից ավել է ճչում ու լալիս, իր պատիվը կորցնում է: Քանզի շատերը վայել զրպարտությամբ ասում են նրա մասին, թե լալագին կոծով կամենում է կարծել տալ, թե ամուսնուն հավատարիմ է, որպեսզի մեկնումեկը կամենա իրեն կնության առնել:
ԺԶ. Կանայք ոչինչ այնպես չեն փափագում, որքան ուրիշներին տեսնել և ուրիշներից տեսնվել: Ուստի կանանց վրա օրենք դրվեց տանը նստել, որպեսզի ուրիշները նրանց չտեսնեն:
ԺԷ. Տղամարդկանց համար ա՜յս է վայելուչ՝ աշխարհում հավերժական հիշատակ թողնել պատերազմական քաջագործություններ, օգտակար մեծագործություններ, իմաս-տուն գրքեր և նորանոր արհեստների գյուտեր. իսկ կանանց ցեղին վայելուչ է իրենց համեստության համբավը թողնել:
ԺԸ. Բնական է, որ տղամարդիկ սակավախոս են, իսկ կանայք՝ շատախոս. որովհետև տղամարդը երկրի կավից ստեղծվեց, իսկ կինը՝ կողոսկրից: Արդարև, երբ կավը կավի է զարկվում, մեղմ շաչյուն է լըսվում, բայց երբ ոսկորը ոսկորի է բախվում, ականջների վրա ազդող ձայն է արձակում:
Ով իր գաղտնիքը կանանց ականջին է պատմում, շուտով քարոզվելիս է տեսնում տանիքների վրա:
ԺԹ. Եթե կանանց շատախոսության մեջ բամբասանք չլիներ, ոչ ոք նրանց վրա չէր բարկանա՝ գիտենալով, որ շատախոսությունը նրանց բարքի մեջ բնածին է: Ով կամենում է դատարկաբանություն լսել, թող կանանց հետ զրուցի:
Ի. Քանի դեռ կանայք մի հոգի ունեն, դժվարությամբ են նվաճվում, ապա երբ երկուսն ունեն, այսինքն՝ հղի են, ո՞վ կարող է նրանց հաղթել. իսկույն կորցնում են մեկը, գուցե երկուսն էլ: Ուստի պետք է խոհեմությամբ ապրել նրանց հետ, որոնք բրուտի անոթի պես մի փոքր բախումից փշրվում են: Բնավ զարմանալի չէ, որ մանուկներն անխրատ են լինում. որովհետև կանանցից են ծնվում և նրանց կաթով սնվում:
«Ժրաջան կինն իր ամուսնու պսակն է. ինչպես փայտի համար վնասակար է որդը, այնպես էլ չարագործ կինը կորստի կմատնի ամուսնուն» (Առակ. ԺԲ 4):
Պողոս Ադրիանապոլսեցի խրատի թանգարան
Աղբյուրը՝ ter-hambardzum.net