Արթուր Բաղդասարյանը` ՀԱՊԿ ակադեմիայի նախագահ
Աշխատանքային այցով ապրիլի 21-23-ը Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր հանդիպումներ է ունեցել ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ: Կայացած առանձնազրույցներին հետևել է Արթուր Բաղդասարյանի մասնակցությունը ՀԱՊԿ Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նախ նեղ, ապա ընդլայնված կազմերով հանդիպումներին, որտեղ քննարկվել և համապատասխան որոշումներ են ընդունվել շուրջ 15 հարցերի, այդ թվում` ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակի, ՀԱՊԿ անդամ պետությունների հավաքական արձագանքման համակարգի զարգացման հիմնական ուղղությունների, օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի գործունեության, միգրացիոն խնդիրների, արատակարգ իրավիճակներին հակազդելու և այլ հարցերի շուրջ:
Ի թիվս քննարկված հարցերի, Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեն հավանություն է տվել նաև Հայաստանում ՀԱՊԿ Ակադեմիայի գործունեությանը, և Արթուր Բաղդասարյանի` որպես Ակադեմիայի նախագահ, ղեկավարելու ՀԱՊԿ զարգացման համար կարևորագույն նշանակություն ունեցող այդ հաստատությունը: ԱԽ քարտուղարներն իրենց պատրաստակամությունն են հայտնել ըստ ամենայնի աջակցելու Ակադեմիայի գործունեությանը, որի մեկնարկը նախատեսվում է ս.թ. սեպտեմբեր ամսին: