Ցեղասպանությունը չդատապարտելը գրեթե հավասարազոր է խրախուսելուն. Է. Շարմազանով
ԱԺ նախագահի պաշտոնակատար Էդուարդ Շարմազանովը ապրիլի 23-ին ընդունեց Լիտվայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Յոուզաս Օլեկասի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էին ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը և ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը:
Էդուարդ Շարմազանովը գոհունակությամբ արձանագրեց, որ վերջին տարիներին նշանակալից առաջընթաց է արձանագրվել Հայաստան-Լիտվա հարաբերություններում, և հույս հայտնեց, որ ամեն ինչ կարվի երկկողմ հարաբերություններն էլ ավելի զարգացնելու համար: Նրա գնահատմամբ երկու պետություններին ու ժողովուրդներին ավելի են մերձեցնում արժեհամակարգային ընդհանրությունները. պատահական չէ, որ Լիտվան առաջինն է ճանաչել Հայաստանի անկախությունը, և մերձբալթյան երկրներից միակն է, որ ճանաչել է 1915 թ. Հայոց ցեղասպանությունը: Էդուարդ Շարմազանովը երկկողմ հարաբերությունների զարգացումը պայմանավորեց նաև ԵՄ-ին Լիտվայի անդամակցությամբ և Հայաստանի եվրաինտեգրման գործում ներդրած նրա ջանքերով: Նա հավաստիացրեց, որ Մաքսային միություն մտնելու Հայաստանի որոշումը աշխարհաքաղաքական իրողություններով ու ազգային շահերով է պայմանավորված, ինչը երբեք խոչընդոտ չի կարող լինել ԵՄ-Հայաստան երկխոսության համար:
Էդուարդ Շարմազանովը կարևորեց հայ-լիտվական միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումը, պատգամավորական բարեկամական խմբերի ակտիվ համագործակցությունը: Նա շնորհակալություն հայտնեց Լիտվայի ղեկավարությանը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցում ցուցաբերած հավասարակշռված մոտեցման և Մինսկի խմբի գործունեությանն աջակցելու համար:
Էդուարդ Շարմազանովն անդրադարձավ նաև Օսմանյան Թուրքիայի իրականացրած Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի միջոցառումներին՝ ասելով. ՙՄեր ժողովրդի հանդեպ գործած այդ ոճիրը պետք է սթափեցնի համայն մարդկությանը: Բոլորը պետք է ճանաչեն այն՝ նման եղեռնագործություններ թույլ չտալու համար: Ցեղասպանությունը չդատապարտելը գրեթե հավասարազոր է խրախուսելուն՚:
Լիտվայի ազգային պաշտպանության նախարար Յոուզաս Օլեկասը խոսեց հայ-լիտվական հարաբերությունների զարգացման հնարավորությունների, հեռանկարների, մասնավորապես ռազմական համագործակցության մասին և հավաստիացրեց, որ Լիտվան հասկանում և սատարում է Հայաստանի խաղաղության ու կայունության ձգտումը և միշտ պատրաստ է աջակցելու Հայաստանի ժողովրդավարացմանն ու եվրաինտեգրմանը:
Հանդիպման ժամանակ քննարկվեցին նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: