Նա իր խաչը կրեց մինչև վերջ, արժանապատիվ ձևով.Հրանտ Վարդանյանի վերջին հրաժեշտը/վիդեո/
Այսօր հայ հասարակությունը հրաժեշտ տվեց գործարար Հրանտ Վարդանյանին: “Գրանդ Հոլդինգ” ընկերության հիմնադիր-նախագահին հրաժեշտ տալու նպատակով այսօր Կամերային երաժշտության տուն էին ժամանել ընկերության հարյուրավոր աշխատակիցներ, հասրակական-քաղաքական գործիչներ, արվեստագետներ: Այստեղ էին նաև ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Արմեն Գևորգյանը, ԱԺ “Հանրապետական” խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, Աժ փոխնախագահ Էդուրադ Շարմազանովը և այլոք:
“Գործարար մարդ, որի համար փողը չէր էականը: Նա մարդ էր, որը իսկապես սիրում էր իր երկիրը: Մարդ , որը անչափ սիրում էր երեխաներին…Նա ամեն ինչի մեջ հոգի էր դնում՝ ծխախոտ էր արտադրում, թե լամպեր, բայց հոգի էր դնում…”,-ասաց խմբավար Տիգրան Հեքեքյանը:
Հրանտ Վարդանյանի ղեկավարած գործարանի նախկին աշխատակիցը, բավականին տարեց մի մարդ արտասվում էր կանգնած անկյունում: Henaran.am-ի թղթակցին նա ասաց, որ իր համար ծանր է նման մարդու կորուստը:
Քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանն էլ նշեց , որ Հրանտ Վարդանյանը անկախությունից հետո արեց այն, ինչին քչերն էին հավատում:
“Շատերին ոգևորեց ու ցույց տվեց իրական ճանապարհը: Մինչև վերջ հավատարիմ մնաց իր բռնած ուղղուն: Հեշտ ճանապարհ չէր բռնել՝ ապրանք ներկրել, վաճառել, այլ զարգացնում էր տեղական արտադրությունը: Նա իր խաչը կրեց մինչև վերջ, արժանապատիվ ձևով”,-հավելեց նա:
Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում: