Հեծանիվ նախարարների՞ն. Սերժ Սարգսյանը հստակեցրեց /վիդեո/
“Ես պատրաստվում եմ մնալ եւ աշխատել իմ հայրենիքում՝ Հայաստանում, պատրաստ եմ ծառայել իմ երկրին, սակայն միեւնույն ժամանակ ակնկալում եմ արժանավայել աշխատավարձ եւ աշխատանքի նպաստավոր պայմաններ”,-ՀՀ գիտությունների Ազգային ակադեմիայի հաշվետու ժողովին ասաց երիտասարդ գիտնական Ղազար Գալոյանը:
Ըստ նրա, պետք է նպաստավոր պայմաններ ստեղծել գիտնականների համար, որպեսզի նրանք էլ կարողանան իրենց արդյունավետ աշխատանքով նպաստել երկրի զարգացմանը:
Գալոյանը, ինչպես եւ շատ գիտնականներ խրախուսանքներ եւ մեդալներ ստացել են: Բայց գիտնականի խոսքով, լավ կլիներ, որ նվերներ էլ ստանային՝ թեկուզ խորհրդանշական:
“Օրինակ, ինձ համար ցանկալի կլիներ նվեր ստանալ մեկ հեծանիվ”,-ասաց նա, ինչին դահլիճը ծիծաղով արձագանքեց:
“Լուրջ եմ ասում, հեծանիվը քաղաքակիրթ երթեւեկության միջոց է, եւ եթե մեր նախարարներն էլ սկսեն երթեւեկել հեծանիվով, դա մեր հասարակության բարեկեցությանն ուղղված քայլ կլինի”,- հակադարձեց Գալոյանը:
Գիտությունների Ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը անպատասխան չթողեց ելույթը եւ ասաց. “Հեծանիվը ես անձամբ խոստանում եմ”:
Ռադիկ Մարտիրոսյանին էլ արձագանքեց ժողովի ներկա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: “Նախարարների՞ն, թե երիտասարդի՞ն”,- կատակեց նախագահը:
Մանրամասները տեսանյութում: