՛՛Սեքյուրիթի Դրիմ՛՛ կազմակերպությունը զբաղվել է անձնազոհությամբ. Զոհրաբյանն առաջարկում է ՛՛մեդալ՛՛ շնորհել
՛՛Այստեղ ինձ համար անհասկանալի ձևակերպում հնչեց, թե ՛Սեքյուրիթի Դրիմ՛՛ կազմակերպությունն իր վրա մեծ ռիսկեր է վերցնում: Անկեղծ ասած՝ որքան հետևել ենք այդ կազմակերպության գործունեությանը, փող աշխատելուց բացի որևէ այլ ռիսկ այդտեղ չենք տեսել՛՛,-այսօր Ազգային ժողովում լսումների ժամանակ ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: ՛՛Եթե 70 տոկոս գերշահույթ ստանալը, ինչպես այստեղ ներկայացվեց, 50 տոկոսով փոխարինելը ռիսկ է, ուրեմն եկեք մեր պատվո մեդալների մասին օրենքում փոփոխություններ կատարենք, և ներկայացնենք: Հասկացվում է, որ ՛՛Սեքյուրիթի Դրիմ՛՛ կազմակերպությունը զբաղվել է անձնազոհությամբ: Այդուհանդերձ ես կառաջարկեմ իմ գործընկերները անձնազոհության մեդալի պարգևատրելու նախաձեռնությամբ հանդես գան ձեր ընկերությանը՛՛,-հայտարարեց նա:
Զոհրաբյանն ընդգծեց, որ իհարկե, իրենք ուզում են, որ երկրում երթևեկը անընդհատ կանոնակարգվի, զոհերի թիվը պակասի: ՛Մենք բացարձակապես դրա մասին չենք խոսում, չնայած վիճակագրությունը չի խոսում նրա օգտին, որ երթևեկության խախտումների քանակը պակասել է և կոնկրետ հանրապետության մասշտաբով մահվան դեպքերի հետևանքով զոհերի թիվը պակասել է: Ոչ, չի պակասել, ավելին, բերված վիճակագրությունից երևում է, որ ճանապարհային երթևեկության քանակն ավելացել է՛՛:
Զոհրաբյանի խոսքով՝ չկա աշխարհում երևէ երկիր, բացի Հայաստանից, որտեղ տուգանքները երթևեկության խախտումների վերաբերյալ այդքան անհամաչափ լինեն ՀՀ քաղաքացու ստացած եկամուտներին, ներառյալ միջին և նվազագույն աշխատավարձն ու միջին եկամուտը: ՛՛Միթե՞ պաշտոնական վիճակագրություն չէ, հասկանալու համար, որ չի կարող 40 000 աշխատավարձ ստացող քաղաքացու համար 80 000 , 30 000 կամ 25 000 տուգանքը ընդունելի լինել: Օրինակ եթե 30000 տուգանքը ՛՛մեծ անձնազոհության՛՛ արդյունքում դառնալու է 25 000 կամ 20 000, իհարկե սա աչքակապություն է, այս ամենն ընդամենը գալչկայի համար արված լսում է՛՛,-շեշտեց պատգամավորը: