՛՛Հայաստանում հակադարձ համեմատական է՛՛
Ազգային ժողովում ”Ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների համար վարչական պատախանատվությունը, ճանապարհային անվտանգության ապահովման միջոցների կիրառումը և ավտոկայանատեղերի գործունեության կազմակերպումը” թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը նշեց, որ նախնական պայմանավորվածություն է եղել, որ խմբակցությունները զեկուցողներին հարցեր են ուղղելու գրավոր:
Միաժամանակ նա նկատեց, որ այդ գրավոր հարցերին պատասխանները չեն տրվում: ՛՛Մինչև 2014-ի հունվարի 1-ը ներառյալ Երևան քաղաքի տեսանկարահանող և լուսանակարահանող սարքերի հայտնաբերած խախտումների դիմաց որքա՞ն տուգանք է վճարվել, ո՞ր մասն է վճարվել և ինչպե՞ս է տնօրինվել վճարված գումարը՛՛,-այս հարցերի պատասխանն է ցանկանում ստանալ Հակոբյանը:
՛՛Իհարկե, ես տուգանքների հետ կապված մասնագետ չեմ և չեմ ուզում այդ դաշտում տեղավորվել, բայց աշխարհում կա մի հստակ չափանիշ, որ տուգանքների չափը ուղիղ համեմատական լինի մարդկանց վճարողունակությանը: Մեզ մոտ հակադարձ համեմատական է, բայց մենք գիտենք, որ 50 տոկոս աղքատություն ունենք, ունենք 45000 դրամ նվազագույն աշխատավարձ: Այս աքսոմատիկ սկզբունքը պետք է պաշտպանվի՛՛,-նկատեց նա:
Ինչ վերաբերում է արագաչափերին, ապա Հակոբյանը վստահ է՝ որևէ մեկը դեմ չի լինի, որ ունենանք նորմալ, քաղաքակիրթ երթևեկություն: ՛՛Խնդիրը հետևյալն է. ի՞նչ սկզբունքով է 70 տոկոս տրվում մասնավորին, 30 տոկոսը բյուջեին, սա է հիմանական հարցը: Դուք մի պատասխան տվեցիք, որ որոշել եք 25 տարի տրամադրել ՛՛Սեքյուրիթի Դրիմ՛՛-ին, որպեսզի ներդրումները վերադարձնի: Սա ամենաշատ շահույթ ապահովող ոլորտն է աշխարհում, այստեղ համոզիչ չէ ձեր հաշվարկը, ավելի համոզիչ է այն, որ հարցը բացարձակ կոռուպցիոն դաշտ է մտել: Եղած կառույցներն ի՞նչ սիրողական որակի կառույցներ են, որ չեն կարող հաշվարկել եկամուտը՛՛,-եզրափակեց նա: