ՏՏԶ մոդելի զարգացումը շատ կարևոր քայլ է համայնքների զարգացման ուղիները գծագրելու ճանապարհին
Ապրիլի 22-ին ՀՀ Լոռու մարզի Ալավերդու մշակույթի տանը կայացավ Ալավերդու քաղաքի և շրջակա Հաղպատ, Օձուն, Աքորի, Արդվի, Հագվի, Ջիլիզա, Կաճաճկուտ, Ծաղկաշատ համայնքների համախմբի համար Տեղական տնտեսական զարգացման (ՏՏԶ) մոդելի մշակման արդյունքների ներկայացում:
Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի նախագահ Լիլիթ Ասատրյանի խոսքերով ՏՏԶ մոդելի զարգացումը շատ կարևոր քայլ է համայնքների զարգացման ուղիները գծագրելու ճանապարհին: «Ուրախ ենք, որ ՀԵԿԱ-ն իր թիմով կարողացավ մեկ ՏՏԶ մոդելի մշակման շրջանակներում անդրադառնալ ոչ թե ընդամենը մեկ համայնքի, այլ համայնքների համախմբի` միաժամանակ նշելով ընդգրկված համայնքների միջև գործընկերության և համախմբային զարգացման հեռանկարները: ՏՏԶ մոդելի զարգացման միջոցով, բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ, ընդգրկված համայքները հնարավորություն կունենան անցում կատարելու սոցիալ-տնտեսական առավել բարենպաստ փուլի` միևնույն ժամանակ խրախուսելով ու խթանելով համայնքային մասնակցությունը այդ գործընթացին»,- ասել է ՀԵԿԱ նախագահ Լիլիթ Ասատրյանը:
ՏՏԶ մոդելի ներկայացումը կազմակերպվեց «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից` Եվրամիության ֆինանսավորմամբ:
Ծրագրի շրջանակներում մշակվել են համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանը նպաստող ծրագրեր` հիմնված տվյալ համայնքի մրցակցային առավելությունների վրա: Մշակված ՏՏԶ մոդելի հիման վրա կազմակերպվելու են նաև մարզի կանանց շրջանում ձեռներեցությունը խթանող ուսումնական և տեղեկատվական դասընթացներ, քննարկումներ, ինչպես նաև ծրագրի շահառուներին տրամադրվելու է ֆինանսական աջակցություն` ՀՀ Լոռու մարզում համայնքների զարգացմանը նպաստող ձեռնարկատիրական ծրագրերի իրականացման համար:
Միջոցառման մասնակիցներն էին համայնքի տնտեսական զարգացման շահառուները, ներառյալ տեղական իշխանությունները, մասնավոր հատվածի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները: Միջոցառման ժամանակ ներկայացվեցին համախմբի տնտեսական զարգացման հիմնական ուղղություններն ու հեռանկարները, մրցակցային առավելությունները, համայնքների միջև առկա և հնարավոր տնտեսական կապերը և տեղական հնարավորությունների վրա հիմնված ծրագրեր ու քայլեր, որոնք կնպաստեն այդ համայքների տնտեսական զարգացմանը: Արդյունքները ներկայացրին ծրագրի տեղական թիմի ներկայացուցիչները և փորձագետները:
2013թ. մայիսից «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա» (ՀԵԿԱ) հասարակական կազմակերպության կողմից Լոռու մարզում իրականացվում է «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագիրը: Ծրագրի գործընկերներն են` CISP կազմակերպությունը, Լոռու մարզպետարանը և Վանաձորի քաղաքապետարանը: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրամիության կողմից: Ծրագրի տևողությունը 3 տարի է` 2013թ. մայիսից մինչև 2016թ. ապրիլ:
«Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի նպատակն է` խթանել Լոռու մարզի կանանց տնտեսական կարողությունների զարգացմանը` այսպիսով նպաստելով կանանց սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմանը: