24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ԱՄՆ-ը, հանձինս Հայաստանի, Անդրկովկասում «գաղափարական ամրոց» կկառուցի՝ ընդդեմ «Ռուսաստանի պրագմատիկ քաղաքականության». Ստանիսլավ Տարասով

 Երեւան եւ Բաքու կատարած այցերից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ՝ ասելով, որ «Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարներն ընդունեցին առաջիկա հանդիպման առաջարկը»: Սա ընկալվեց որպես սենսացիա: Քանի որ կա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման պայմանավորվածությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ, դա նշանակում է, որ պետությունների ղեկավարներին բավարարում է առաջարկված աշխատանքային բանակցային օրակարգը:

Թեեւ հակամարտող կողմերից նախօրեին բացասական տեղեկատվություն տարածվեց: Այս մակարդակի գագաթաժողովները նախապատրաստվում են արտաքին գործերի նախարարների կողմից: Այս կապակցությամբ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլաեւան ճեպազրույցում ասել է, որ Բաքուն «պատրաստակամ է արդյունքի միտված հանդիպումներ անցկացնելու», այն է՝ «ազատել իր գրավյալ տարածքները, ապահովել բռնի տեղահանված անձանց վերադարձը հայրենի հողեր»: Իր հերթին, Փաշինյանն  առաջարկել է փոխել բանակցությունների ձեւաչափը՝ ներառելով դրանում  Ստեփանակերտին: «Մենք նախնական համաձայնության ենք եկել Ադրբեջանի նախագահի հետ կայանալիք հանդիպման հարցով», – ասել է վարչապետը,- «Դա հանդիպում է փաստորեն առանց օրակարգի: Ես ասել եմ, որ կարող եմ խոսել Հայաստանի անունից, բայց ես չեմ կարող խոսել Արցախի անունից, որն ունի իր սեփական նախագահն ու կառավարությունը, եւ նրա՛նք պետք է է բանակցեն Արցախի անունից»:

Բաքուն սրան պատասխանեց մերժումով:

Բայց այս դեպքում մենք հայտնվում ենք անհամապատասխանությունների եւ հակասությունների գոտում: Առաջին հերթին այն, որ պաշտոնական մակարդակով հայտարարված Բաքվի եւ Երեւանի դիրքորոշումները հակասական բնույթ են կրում: Երկրորդը, Փաշինյանն իր հայտարարության մեջ որոշում է ադրբեջանցի գործընկերոջ հետ հնարավոր հանդիպման կարգավիճակը («առանց օրակարգի հանդիպում»)՝ հղում կատարելով Ալիեւի հետ նախնական պայմանավորվածությանը կամ համաձայնությանը: Այդ դեպքում ի՞նչ գործ ունի այստեղ ԵԱՀԿ ՄԽ-ը  եւ ինչու է նա իրեն վերագրում հանդիպման նախաձեռնությունը՝ չխոսելով արդեն երկու երկրների արտգործնախարարների հայտարարված հանդիպման մասին:

Մինսկի խումբը չի կարող խոսքերը քամուն տալ: Դրանից հետեւում է, որ հակամարտող կողմերը գաղտնի հասել են փոխզիջումային լուծման, ինչը թույլ է տալիս շարունակել բանակցային գործընթացը նախկին ձեւաչափով: Եվ նրանք ունեն մոտիվացիա, հակառակ դեպքում, ցանկացած բանակցություն անիմաստ է: Իսկ այն ամենից, ինչ կար նախկինում՝ Ադրբեջանի եւ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների չորս հանդիպումները, Ալիեւի եւ Փաշինյանի երեք անձնական հանդիպումները՝ առանց ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական ջանքերի, մնաց միայն Դուշանբեում «ոտքի վրա» ձեռք բերված բանավոր պայմանավորվածությունը՝ հակամարտության գծում լարվածության նվազեցման եւ երկու երկրների ռազմական ստորաբաժանումների միջեւ գործնական կապերի հաստատման վերաբերյալ:

Սա այն է, ինչից կարելի է բռնվել: Ճիշտ է, կա նաեւ Մինսկի խմբի կոչը, որը հայտնվել է Ադրբեջանի եւ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների փարիզյան հանդիպումից հետո` «ազգերին պատրաստել խաղաղության»: Բայց այն առկախվում է, քանի որ ոչ ոք չգիտի, թե ինչ սկզբունքների հիման վրա կողմերը մտադիր են իրականացնել հակամարտության կարգավորումը:

Այնպես որ, դատելով ամենայնից, Բաքուն եւ Երեւանը եկել են որոշակի աշխատանքային փոխզիջումային համաձայնությունների: Սակայն, ըստ մեր դիտարկումների, Բաքվի եւ Երեւանի միջեւ տեղեկատվական պատերազմի ինտենսիվությունը չի նվազում: Ավելին, ինչպես հայտարարել է Ադրբեջանի նախագահի հասարակական-քաղաքական հարցերով օգնական Ալի Հասանովը, «ցանկացած ժամանակ կարող է արյունոտ պատերազմ բռնկվել»: Իսկ ինչ վերաբերում է միջնորդներին, ապա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը անձնական մասնակցություն է ունեցել Ալիեւի եւ Փաշինյանի միջեւ հաղորդակցության հաստատմանը, ինչից հետո Բաքվից ազդանշաններ ուղարկվեցին, որ ՀՀ վարչապետն իբր պատրաստ է կամ կարող է սկսել որոշ շրջանների ազատագրման գործընթացը, իսկ Երեւանից՝ եթե «հանձնումը» տեղի ունենա, ապա «միայն Մոսկվայի ճնշման ներքո»: Դրանից հետո Ռուսաստանը որոշեց ետ քաշվել: Նախաձեռնությունն իր ձեռքն առավ ԱՄՆ-ը՝ որպես համանախագահ երկրներից մեկը, բայց շատ յուրահատուկ ձեւով:

Նախ` ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ նախկին համանախագահ Ռիչարդ Հոգլանդը «Ամերիկայի ձայն »պարբերականին տված հարցազրույցում հայտարարեց, որ իբր գոյություն ունի «Լավրովի պլան»՝ «այն, ինչ Մինսկի գործընթացում կոչում են սեղանի վրա եղած պլան: Եվ դրա մեջ իբր ՌԴ ԱԳՆ ղեկավարը «այդ առաջարկությունները նկարագրել է Լեռնային Ղարաբաղի խնդիրը մեկ անգամ եւ ընդմիշտ լուծելու համար»: Հոգլանդը շարունակել է նախկին ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի խաղը, որը նախկինում հայտարարել էր, որ մի կողմից «Մոսկվան չունի բացառիկ իրավունք՝ հակամարտության լուծման համար», մյուս կողմից, «հակամարտությունը կարգավորելու սկզբունքները ներառված են «պլանում », որը, սակայն, Ուորլիքը նախընտրում է չկոչել «Լավրովի պլան»: Նրա խոսքերով, «այդ սկզբունքները պետական գաղտնիք չեն» եւ « կարգավորման ուրվագիծը քննարկվել է տարիների ընթացքում, իսկ կողմերից ընդամենը պահանջվում է որոշիչ քայլեր կատարել՝ առաջ շարժվելու համար»:

Մոսկվան միշտ կտրականապես հերքել է առասպելական «Լավրովի պլանի» գոյության փաստը: Բայց դա չէ խնդիրը:

Կայուն տպավորություն է ձեւավորվում, ըստ որի, ակտիվացած Մինսկի խումբը մտադիր է այսուհետ եւս առաջ մղել «պլանը» իսկ բանակցային գործընթացի ձախողումը, որը չի կարելի բացառել, կներկայացվի որպես «այս ծրագրի» մերժում: Կամ հակառակը. կողմերից մեկի համաձայնությունը կսկսեն ներկայացնել որպես Մոսկվայից ստացած «աջակցություն»: Ընդ որում, սրանով ինտրիգը չի սպառվում:

Ամերիկացի փորձագետները ակնարկում են, որ վերջերս «մոսկովյան ճոճանակը թեքվել է Բաքվի կողմը» եւ բացահայտ կերպով վարում է այլ սցենար: Օրերս «Կարնեգի» հիմնադրամն իր կայքում հրապարակեց վերլուծական հոդված, որտեղ նշվում է Վաշինգտոնի կողմից Հայաստանին օժանդակելու անհրաժեշտության մասին՝ նկարագրելով հանրապետությունը որպես «ժողովրդավարության մոդել եւ աշխարհաքաղաքական դաշնակից»: Նշվում է, որ «Հայաստանում թավշյա հեղափոխության արդյունքում տեղի ունեցած հաջող փոխակերպումը որպես օրինակ կդառնա ժողովրդավարության ձգտող այլ երկրների համար, ինչպես նաեւ բազմավեկտոր քաղաքականություն վարելու համար»:

Միեւնույն ժամանակ, այն գաղափարն է առաջ քաշվում, որ «Փաշինյանին բաժին ընկած երկու տասնամյակների կոռումպացված կառավարման ժառանգությունը Մոսկվայի հետ Երեւանի դաշինքի ուղղակի արդյունքն է»: Առաջարկվող սխեմայի համաձայն, եթե Բաքուն դիմի ղարաբաղյան հակամարտության լուծման ուժային սցենարին, ապա այն կընկալվի որպես «ժողովրդավարության դեմ ավտորիտարիզմի պատերազմ» եւ «ԱՄՆ-ը պետք է Հայաստանի կողմից լինի», որպեսզի «ավելի շահավետ պլատֆորմ ստեղծի» Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելու համար»: Սա շատ լուրջ եւ գաղափարական բովանդակությամբ լի քայլ է, որը միտված է Անդրկովկասում «գաղափարական ամրոց» կառուցելուն՝ ընդդեմ «Ռուսաստանի պրագմատիկ քաղաքականության»: Ավելին, այն ունի Թեհրանին ուղղված աշխարհաքաղաքական բովանդակություն:

Մեր կարծիքով, պատահական չէր, որ իսլամական հեղափոխության 40-րդ տարեդարձի կապակցությամբ կազմակերպված հանրահավաքում Իրանի նախագահ Հասան Ռոհանին իր ելույթում որոշեց պատմական էքսկուրս կատարել: Նա թվարկեց կայսրությունների ներխուժումն իր երկիր, օկուպացիան, այնուհետեւ անցավ «իրանական տարածքների բաժանմանը»` նշելով, որ «191 տարի առաջ մայր հայրենիքից եվս մեկ կտոր է կտրվել Իրանի հյուսիսում»: Դժվար չէ գուշակել, գրում է մի ադրբեջանական պորտալ, «որ խոսքն Ադրբեջանի մասին է. 191 տարի առաջ Թուրքմենչայի պայմանագիրը կնքվեց, 205 տարի առաջ՝ Գյուլիստանի պայմանագիրը»:

Ճիշտ է, Ադրբեջանի արտաքին գործերի նախկին նախարար Թոֆիկ Զուլֆուգարովը չգիտես ինչու կարծում է, որ «այդ հավակնություններն առաջին հերթին վերաբերում են Հայաստանին, քանի որ նրա տարածքը, մինչեւ Թուրքմենչայի պայմանագիրը, պատկանում էր Իրանին»: Բայց իրականում այդպե՞ս է: Չէ՞ որ Թեհրանի պատմական հիշեցումները վերաբերում են նաեւ Ադրբեջանին: Եվ արդյո՞ք սա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին «պատմական իրավունքներով» միանալու Թեհրանի ձգտումը չէ:

Դժվար է դատել՝ արդյո՞ք Բաքվում եւ Երեւանում որսում են «նոր քամիները»՝ չնայած հստակ է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է ձեռք բերել նոր առանձնահատկություններ, որոնք դուրս են Բաքվի եւ Երեւանի հարաբերություններից, ինչպես նաեւ ԵԱՀԿ ՄԽ-ից:

Դեռեւս կարելի է  միայն նկատել, որ Մինսկի խմբի միջնորդական ջանքերի միջոցով Բաքվի եւ Երեւանի միջեւ ցանկացած մակարդակով բանակցություններն օգտակար են՝ ինչպես հակամարտության լուծման ուղիների որոնման, այնպես էլ բռնարարքների հավանականության նվազման առումով:

 Սակայն ինչի՞ց երկու երկրների ղեկավարները կխոսեն, եթե հանդիպեն նոր դեկորացիաներով, քչերը գիտեն: Ինչպես ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակն է հայտարարել, «երկարատեւ հակամարտության լուծումը բարդ խնդիր է, որը տարածաշրջանային համատեքստում պահանջում է կայունություն, ակտիվ երկխոսություն եւ առաջ շարժվելու համար՝ հասարակության պատրաստակամությունը»:

 

Ստանիսլավ Տարասով

«Ռեգնում» գործակալության Արեւելյան բաժնի գլխավոր խմբագիր

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ