Փչացած հեռախոսի պատմությունն է հիշեցնում». Նազենի Ղարիբյանը՝ ՊՈԱԿ–ների լուծարման շուրջ աղմուկի մասին
ՊՈԱԿ–ների լուծարման շուրջ բարձրացված աղմուկը մի կաթիլ մեղրի կամ փչացած հեռախոսի պատմությունն է հիշեցնում։ Այս մասին այսօր՝ մարտի 1-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց մշակույթի նախարարի պաշտոնակատարար Նազենի Ղարիբյանը։
«Ամեն ինչ կարծում եմ կապված է բառերի ընտրության եւ օգատագործման հետ։ Փաստաթուղթ, որոշում, ստորագրություն, կառավարություն, ուրեմն մարտի 5 տրամաբանական շղթայով՝ վերջին անակնկալը եղավ այն, որ տիկին Ղարիբյանը խոստովանել է, որ ստորագրել է այդ փաստաթուղթը, որը մարտի 5-ին պետք է դրվի նիստի օրակագ»,–ասաց նա՝ հավաստիացնելով՝ դրանք չեն համապատասխանում իրականությանը։
Նազենի Ղարիբյանը շեշտեց՝ խոսքը փաստաթղթի մասին չէ, որը վերջնական մշակում է ստացել. «Խոսքը կառավարության հանձնարարականի մասին է։ Մենք գրեթե ամեն օր ստանում ենք որոշակի աշխատանք, վերլուծություն կատարելու, տեղեկություն տրամադրելու հանձնարարական։ Ստացվել էր հանձնարարություն ուսումնասիրելու եւ վերլուծելու մեր եւ ՊՈԱԿ–ների գործունեության դաշտը, վերլուծել, թե ինչպիսին է ՊՈԱԿ–ների առկա վիճակը եւ տալ որոշակի առաջարկներ»։
Նրա խոսքով՝ սա կապված է օպտիմալացման գործընթացի հետ. «Հստակ հանձնարարական կար առաջնորդվել ոչ թե խնայումների, տնտեսման կամ կրճատումների տրամաբանությամբ, այլ շարժվել պատասխանատվության կենտրոնացման եւ գործունեության արդյունավետության բարձրացման հրամայականով»։
Մշակույթի նախարարի պաշտոնակատարարի փոխանցմամբ՝ Մշակույթի նախարարության բոլոր մասնագիտական վարչությունները մասնակցել են այդ աշխատանքին եւ պատրաստել են ՊՈԱԿ–ների մասին վերլուծություն. «Այդ տեղեկանքը իր ժամկետների մեջ ուղարկվել է կառավարություն։ Սակայն խոսքը սեւագիր առաջին տեղեկանքի մասին է. կան ՊՈԱԿ–ներ, որոնց շուրջ վերլուծությունն ավելի հիմնավոր է, եւ կան այնպիսիք, որոնք կարիք ունեն ավելի հիմնավոր վերլուծության»։
Նազենի Ղարիբյանը պարզաբանեց, որ դա է պատճառը, որ քննարկումներ չեն կազմակերպվել, տնօրենների հետ հանդիպումներ չեն անցկացվել. «Սա դա չի նշանակում, որ կառավարությունը պետք է այդ փաստաթուղթն ընդունի ի գիտություն եւ դրա հիման վրա որոշում կայացնի»։
Նրա խոսքով, սակայն, կան 1-2 ՊՈԱԿ, որոնք արդեն իսկ պատրաստ են միավորվելու. «Քանի որ նրանց դեպքում վերլուծությունն ավելի հիմնավոր է կատարվել, ես հանդիպել եմ այդ ՊՈԱԿ–ների տնօրենների հետ»։
Նախարարի պաշտոնակատարը հավաստիացրեց՝ ՊՈԱԿ–ները կլուծարվեն միայն այն դեպքում, երբ կառավարությունը կամ նախարարությունը ունենա այլընտրանքային տարբերակներ։
«Մենք այժմ աշխատում ենք օրենսդրական դաշտը կարգավորելու ուղղությամբ։ Գուցե մշակվի թատրոնի մասին օրենք կամ կատարողական արվեստի մասին օրենք, որի մեջ կմտնեն երգարվետ, պարարվեստ, դա դեռ քննարկման փուլում է, մենք ունենք հանձնաժողով, որը զբաղվում է օրենսդրական դաշտի կարգավորման ուղղությամբ»,–հավելեց նա։
Հիշեցնենք, որ մշակույթի նախարարությունը վերլուծությունների առաջարկ փաթեթ է մշակել, որով առաջարկում է Սոս Սարգսյանի անվան համազգային պետական թատրոնը, Երեւանի կամերային պետական թատրոնը, Երեւանի կամերային երաժշտական թատրոնը, Հայաստանի պետական ֆիլհարմոնիան, Կոմիտասի անվան ազգային քառյակը եւ ՊՈԱԿ-ի կարգավիճակ ունեցող 15 այլ կազմակերպություններ լուծարել, եւ վերակազմակերպել: