Ստեղծված նոր իրավիճակում ղարաբաղյան հակամարտության կարգավորման նոր հնարավորություններ են բացվում. Մինսկի խմբի ամերիկյան նախկին համանախագահ
Ստեղծված նոր իրավիճակում ղարաբաղյան հակամարտության կարգավորման նոր հնարավորություններ են բացվում: «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան նախկին համանախագահ, ներկայումս ռուսաստանյան իրավաբանական ընկերության աշխատակից դեսպան Ջեյմս Ուորլիքը.
«Կարծես թե, նախագահ Ալիևն ընդունում է, որ նոր հնարավորություններ են բացվել: Հավատացած եմ, այս պայմաններում համանախագահներն աշխատում են երկու պետությունների ղեկավարների միջև պաշտոնական գագաթաժողով կազմակերպելու ուղղությամբ»:
Պաշտոնաթող դեսպան Ուորլիքը, ով այժմ Վաշինգտոնում ներկայացնում է Վլադիմիր Պուտինի համակուրսեցու և ընկերոջ՝ Նիկոլայ Եգորովի կողմից հիմնադրված «Եգորով, Պուգինսկի, Աֆանասյեվ և գործընկերներ» ռուսական խոշորագույն իրավաբանական ընկերությունը, ընդգծել է, որ չի կիսում այն կարծիքը, թե Մոսկվան հետաքրքրված չէ ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ.
«Երեք տարի համանախագահ աշխատելով՝ ես դրա որևէ ապացույց չեմ տեսել: Ընդհակառակը, աշխատել եմ Ռուսաստանի կառավարության հետ, տեսել եմ նրանց հետաքրքրությունը կարգավորման գործում: Եվ ասեմ, որ դա տրամաբանական է. Ռուսաստանն ունի բազմաթիվ այլ խնդիրներ աշխարհում և չէր ցանկանա, որ իր սահմաններին, իր ավանդական բարեկամներ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը սրվեր»:
Հիշեցնենք, ավելի վաղ Մինսկի Խմբում ԱՄՆ-ի նախկին այլ ներկայացուցիչ, պաշտոնաթող դեսպան Ռիչարդ Հոգլանդը «Ամերիկայի Ձայն»-ին ասել էր, որ Ռուսաստանում կան շրջանակներ, որոնք հետաքրքրված չեն ղարաբաղյան խնդրի լիարժեք կարգավորման մեջ, քանի որ դրա արդյունքում Կրեմլը կզրկվի Երևանի և Բաքվի վրա ազդեցություն գործադրելու կարևոր լծակից:
Դեսպան Ջեյմս Ուորլիքի խոսքով՝ ժամանակի ընթացքում ղարաբաղյան հակամարտությունը ոչ թե սառչում է, այլ դառնում է ավելի վտանգավոր:
Ուստի, անհրաժեշտ է այն կարգավորել և, իր իսկ խոսքերով, օր առաջ ազատվել երկրների ապագան մշուշում թողնող ամպերից.
«Իսկ ձե՞ր կարծիքով, հայերի ևս մեկ սերունդ ցանկանում է ապրել այս ամպի տակ: Անշուշտ՝ ոչ: Նույնը վերաբերում է ադրբեջանցիներին՝ արդյոք կարծո՞ւմ եք Ադրբեջանի ժողովուրդը ցանկանում է այս խնդիրը փոխանցել հաջորդ սերունդներին: Անշուշտ՝ ոչ»:
Հակամարտության կարգավորման սկզբունքները Ջեյմս Ուորլիքի խոսքով հիմնականում անփոփոխ են եւ լավ հայտնի: Այժմ դրանք ընդգրկված են «Լավրովի ծրագիր» կոչվող հայտնի փաստաթղթում, որը, սակայն, դեսպան Ուորլիքը նախընտրում է չանվանել Սերգեյ Լավրովի անունով.
«Այդ սկզբունքները պետական գաղտնիք չեն: Կարգավորման ուրվագծերը քննարկվել են տարիներ շարունակ եւ կողմերից պահանջվում են համարձակ քայլեր առաջ շարժվելու համար»: