Անցել են ժամանակները՝ երբ գյադեքը՝ էս կողմ, գյադեքը՝ էն կողմ. Երիցյանն՝ իր որոշումից /վիդեո/
՛՛Չգիտեմ՝ ով ինչ է ասում, բայց ես կարող եմ ասել, որ ես ոստիկանության պետի առաջին տեղակալ էի, հրավեր ստացա որպես ԱԻ նախարար ՕԵԿ կողմից, և առաջին օրն էլ ասել եմ, որ իմ աշխատանքը, որ կատարում եմ որպես Արտակարգ իրավիճակների նախարար, պիտի կատարեմ՛՛,-այսօր մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը՝ մեկնաբանելով ՕԵԿ-ի կոալիցիայից դուրս գալու հաջորդ օրը կուսակցությունից դուրս գալու իր որոշումը:
Նշենք, որ շատերը մեղադրեցին ՕԵԿ-ական նախարարներին՝ ասելով, որ նրանք օգտագործում էին կուսակցությունը: Սակայն նախարարը նշեց, որ երբ ինքն անդամագրվեց ՕԵԿ-ին, չէր ակնկալում նախարարի պաշտոն, պարզապես այն ժամանակ ՕԵԿ-ը հայտարարել էր, որ լինելու է Սերժ Սարգսյանի կողքին, նույնն էլ ինքն էր հայտարարել:
՛՛Երբ ՕԵԿ-ը որոշեց չլինել կոալիցիայում, ես իմ որոշումը կայացրի, որ չեմ կարող ընդդիմություն լինել: Ես գտնում եմ, որ ես գործադիրում կարող էի իմ աշխատանքը շարունակել, եթե տային հնարավորություն և այդ հնարավորությունը ստացել եմ ու կշարունակեմ աշխատել՛՛,-նշեց նա:
Նախարարը չի կարծում, որ կարող է անդամագրվել այլ կուսակցության: ՛՛Չեմ կարծում, որ կդառնամ այլ կուսակցության անդամ. անցել են այն ժամանակները, երբ գյադեքը էս կողմ, գյադեքը՝ էն կողմ: Ես անձամբ որոշում եմ կայացնում, և իմ փոխարեն ոչ ոք չի կարող որոշում կայացնել՛՛:
Երիցյանը չգիտի, թե ինչու ՕԵԿ-ը կոալիցիայից դուրս գալու որոշում ընդունեց, քանի որ խորհրդակցությունն առանց իրեն է եղել: Նա նաև հայտնեց, որ ինքը, գյուղատնտեսության ու քաղաքաշինության նախարարները միասին են քննարկել կուսակցությունից դուրս գալու հարցը, և կարծում է, որ անակնկալ չէր կուսկացության առաջնորդ Արթուր Բաղդասարյանի համար իր որոշումը:
՛՛Այսօր նախարարությունն իր առջև դրված խնդիրները կատարում է, մենք ունենք դեռ աշխատանքներ, մեր առջև դրված նպատակներն էլ շատ են: Կարծում եմ՝ գործադիրում ու կուսակցությունում մարդ ինքը պետք է որոշում կայացնի, ու ես այդպիսի որոշում եմ կայացրել՛՛:
Տեսանյութը՝ քիչ անց: