Հրանտ Վարդանյանին կհուղարկավորեն Երեւանի քաղաքային պանթեոնում
Հայտնի գործարար, “Գրանդ Հոլդինգի” նախագահ Հրանտ Վարդանյանի աճյունը կամփոփվի Երեւանի քաղաքային պանթեոնում՝ ապրիլի 23-ին: Գործարարի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա վաղը, ապրիլի 22-ին, ժամը 18:00-ից 20:00-ը, Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում, իսկ վերջին հրաժեշտը՝ ապրիլի 23-ին, ժամը 12:00-14:00-ը, Երեւանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:
Հիշեցնենք, որ նա հանկարծամահ եղավ ապրիլի 19-ին՝ 65 տարեկան հասակում:
Վարդանյանն այն մարդն է, ով ողջ կյանքը նվիրեց իր հայրենիքի տնտեսության զարգացմանը, եւ ում անվան հետ է կապված Հայաստանի Հանրապետությունում հայրենական արտադրության վերածնունդը:
Հրանտ Միքայելի Վարդանյանը ծնվել է 1949 թ. հունվարի 23-ին, Երեւանում: Սովորել է Երեւանի Կիրովի անվան թիվ 12 միջնակարգ դպրոցում: 1974 թվականին ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի մեխանիկա-մեքենաշինական ֆակուլտետը: 1990 թվականին դարձել է տնտեսագիտության թեկնածու: Հրանտ Վարդանյանն արժանացել է բազմաթիվ պետական պարգեւների, այդ թվում 1999 թվականին պարգեւատրվել է ՛՛Անանիա Շիրակացի՛՛ ոսկե մեդալով, 2009 թվականին ՀՀ նախագահի կողմից շնորհվել է ՀՀ տնտեսության վաստակավոր աշխատողի կոչում:
1997 թվականին հիմնադրելով ՛՛Գրանդ Տոբակո՛՛ ընկերությունը, Հրանտ Վարդանյանը սկիզբ դրեց Հայաստանում հայրենական արտադրության վերածննդին եւ զարգացմանը: Այնուհետեւ ստեղծելով ՛՛Մասիս Տոբակո՛՛ եւ ՛՛Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ՛՛ ընկերությունները, զարկ տվեց Հայաստանում մոռացության մատնված ծխախոտագործությանը:
2000 թվականին հիմնադրեց ՛՛Գրանդ Քենդի՛՛ ընկերությունը՝ սկիզբ դնելով Հյաստանում հրուշակագործության զարգացմանը:
Հրանտ Վարդանյանը միշտ առանձնապես կարեւորել է աշխատանքն ու աշխատող մարդուն: Դրա վկայությունն է նաեւ մոռացության մատնված աշխատանքի միջազգային օրվա վերածնունդը մեր երկրում, որը հնարավոր դարձավ միայն Հրանտ Վարդանյանի շնորհիվ: Ավելի քան 7000 աշխատատեղ արտադրության եւ 25 հազարը գյուղատնտեսության մեջ: Տարիներ շարունակ առաջիններից մեկը Հայաստանի խոշոր հարկատուների ցանկում, իսկ որպես հայրենական արտադրող՝ առաջինը՝ ոչ միայն վճարված հարկերի, այլեւ արտահանման ծավալներով: Այսպիսին է նրա ժառանգությունը:
Հրանտ Վարդանյանի ջանքերով հայկական արտադրանքի վարկն ու հեղինակությունը բարձրացավ ոչ միայն Հայաստանում, այլեւ՝ նրա սահմաններից դուրս: Այսօր ՛՛Գրանդ Հոլդինգի՛՛ արտադրանքն արտահանվում է աշխարհի 22 երկիր, իսկ արտահանման ծավալները շարունակում են ընդլայնվել:
Հայտնի գործարարի գործունեության մյուս կարեւորագույն ուղղությունը բարեգործությունն էր: Նրա իրականացրած բարեգործական ծրագրերն այնքան շատ են, որ հնարավոր չէ թվարկել: Հրանտ Վարդանյանն ամուսնացած էր, ունի երկու որդի, հինգ թոռնիկ: