Ի վերջո, կոռուպցիա կա՞, թե՞ չկա․ 168 Ժամ
«168 Ժամ»-ը գրում է․ «Էսօր էլ Հայաստանի Հանրապետությունում կաշառք վերցնում են, և էն, որ մենք ժամանակ առ ժամանակ ունենում ենք կոնկրետ փաստով ձերբակալություններ, դրա ամենաուղիղ ապացույցն է»,- կառավարության վերջին նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հրահանգելով զգոն լինել: Սակայն, ըստ նրա, եթե այդ երևույթը կա, ապա պետք է ոչ թե 1 ամսում 1-2 նման ձերբակալություն լինի, այլ 10-20 և ավելի:
«ՀՀ ժողովրդից գողացողը պետք է բռնվի, ամբաստանվի, խայտառակվի, բարոյապես ոչնչացվի և ուղարկվի բանտ: Սա է սկզբունքը»: Նույն օրը՝ կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը հայտարարել է, որ Հայաստանում կոռուպցիա կա, և դրա դեմ պայքարի ուղղությամբ աշխատանքներ են ընթանում։ Այս հայտարարություններն իրենցում որևէ նորություն չեն պարունակում։ Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Հայաստանում, ինչպես նախկինում, այնպես էլ այսօր՝ կոռուպցիա եղել է և կա։
Խնդիրն այն է, սակայն, որ հեղափոխությունից կարճ ժամանակ անց մի քանի առիթներով ունեցած ելույթներում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինքն է հայտարարել, որ Հայաստանում այլևս կոռուպցիա չկա։
Հայտարարել է այնպիսի վստահությամբ, որ կոռուպցիայի մասին ցանկացած պնդում կարող էր ընկալվել՝ որպես զրպարտանք։ Հիմա մի կողմից՝ Նիկոլ Փաշինյանը, մյուս կողմից՝ ԱԱԾ պետը հայտարարում են, թե Հայաստանում կոռուպցիա կա։ Քաղաքացուն, հպարտ քաղաքացուն մնում է ընտրություն կատարել՝ Նիկոլ Փաշինյանի ո՞ր հայտարարությունն է համապատասխանում իրականությանը և ո՞րն է իրականության խեղաթյուրում՝ Հայաստանում վերջապես կոռուպցիա կա՞, թե՞ չկա։
Էսթետիկապես, իհարկե, հաճելի է Փաշինյանի այն հայտարարությունը, որ կոռուպցիա չկա, սակայն իրականությունը ցույց է տալիս, որ կոռուպցիա կա, պարզապես փոխվել են կոռուպցիոն սխեմաներն ու դերակատարները։
Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների արժանահավատությունը պարզելը կարևոր է մեկ այլ առումով ևս։
Ըստ ամենայնի, այս ամիսների ընթացքում իրավիճակ է փոխվել, կամ Նիկոլ Փաշինյանին այլ տեղեկություններ են փոխանցվել, որոնց հիման վրա նա հայտարարում է, թե կոռուպցիա կա։
Նա հայտարարել է նաև, որ Հայաստանում այլևս օլիգարխներ չկան։ Հայտարարել է մի քանի ամիս առաջ։ Հետաքրքիր է՝ իսկ Հայաստանում օլիգարխներ կա՞ն, թե՞ չկան։ Դատելով խոշոր հարկատուների ցանկից՝ նախկին օլիգարխները վերածվել են շարքային խոշոր գործարարների»։