ՆԱՏՕ-ում զեկուցողը տեղյակ չի եղել սիրիահայերի մասին
ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը նոյեմբերի 15-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում ամփոփեց նոյեմբերի 9-12-ը Պրահայում կայացած ՆԱՏՕ-ի ԽՎ տարեկան նստաշրջանի աշխատանքների արդյունքները:
Կորյուն Նահապետյանը տեղեկացրեց, որ նստաշրջանի ընթացքում տեղի են ունեցել ՆԱՏՕ-ի ԽՎ հանձնաժողովների նիստերը:
Հայաստանի պատվիրակությունը նոյեմբերի 10-11-ը մասնակցել է քաղաքական հանձնաժողովի նիստերին: Քննարկվել են «Արաբական գարուն. դրա հետեւանքները եվրատլանտյան անվտանգության համար», «ՆԱՏՕ-ն Աֆղանստանից հետո» զեկույցները, «ՆԱՏՕ-ն Չիկագոյից հետո» բանաձեւի նախագիծը, «Աֆղանստանն ու Հարավարեւմտյան Ասիայի անվտանգությունը», «Կենտրոնական Ասիան եւ անցումն Աֆղանստանում», «Զարգացումները Սիրիայում. դրանց հետեւանքները տարածաշրջանում եւ դրանից անդին» զեկույցները, վերջին հարցի վերաբերյալ բանաձեւի նախագիծը, ինչպես նաեւ այլ հարցեր:
Քննարկված բոլոր զեկույցները հաստատվել են, ընդունվել է ութ բանաձեւ:
«Արաբական գարուն. դրա հետեւանքները եվրատլանտյան անվտանգության համար» զեկույցի քննարկման ժամանակ հայկական պատվիրակության ղեկավարը հարց է ուղղել զեկուցողին թիվ 25 կետի վերաբերյալ, ըստ որի՝ նշվել է, որ Ասադի վարչակազմը դեռեւս աջակցություն է ստանում ալավիթների եւ քրիստոնյա փոքրամասնությունների կողմից միայն այն պատճառով, որ ռեժիմի տապալումից հետո նրանք վախենում են քաոսից եւ միջկրոնական բռնություններից: Կորյուն Նահապետյանի հարցը վերաբերել է հայ համայնքին: Նա տեղեկացրել է, որ Սիրիայում ապրում է 100 հազար հայ, սակայն նրանց մեծ մասը ներկայում լքում է երկիրը, որ 46 մարդ սպանվել է, 3000 հոգի արտագաղթել է Հայաստան, կան պատանդներ: Ի պատասխան, զեկուցող Ագովն ասել է, որ իրենք տեղյակ չեն եղել այդ ամենին եւ հայտարարությունն ընդունում են ի գիտություն:
Հայկական պատվիրակությունն ունեցել է մի շարք աշխատանքային հանդիպումներ: Նոյեմբերի 9-ին պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը Չեխիայի Պատգամավորների պալատում հանդիպել է չեխ-հայկական բարեկամական խմբի անդամներ Ռոբին Բահնիշի, Անտոնին Սեդայի եւ սենատոր Պավել Տրպակի հետ: Քննարկվել են մի շարք հարցեր, անդրադարձ է եղել նաեւ սաֆարովյան գործին. Կորյուն Նահապետյանը շնորհակալություն է հայտնել չեխ պատգամավորներին՝ Սաֆարովի արտահանձնման վերաբերյալ Չեխիայի խորհրդարանի ընդունած հայտարարության համար:
Պատվիրակության անդամները հանդիպումներ են ունեցել նաեւ ՆԱՏՕ-ի ԽՎ նախագահ Կարլ Լամերսի, ՆԱՏՕ-ի ԽՎ նախագահի թեկնածու Հյու Բեյլիի, վեհաժողովի գլխավոր քարտուղար Դեյվիդ Հոբսի հետ: Քննարկվել են ՆԱՏՕ-ի ԽՎ-ի եւ ՀՀ ԱԺ համագործակցության, ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելություններին հայկական զինված ուժերի մասնակցության, վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության կազմի թվաքանակի ավելացման, Երեւանում Ռոուզ-Ռոթ սեմինարի հավանական անցկացման վերաբերյալ հարցեր:
ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում վեհաժողովի նախագահ է ընտրվել Միացյալ Թագավորության Համայնքների պալատի անդամ, լեյբորիստ Հյու Բեյլին:
Կորյուն Նահապետյանը պատասխանեց նաեւ լրագրողների հարցերին: