Շնորհակալություն քեզ, Փաշինյան Նիկոլ
Ժպտացեք պարոնայք, ժպտացեք, քանզի ամեն բացվող օրվա հետ նոր կառավարիչները նոր «surprise» են մատուցում հպարտ քաղաքացիներին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հովհաննես Թումանյանի 150-ամյակի միջոցառմանը մասնակցելու համար Դսեղ է մեկնել ոչ ավել, ոչ պակաս ուղղաթիռով: Վարչապետի մամուլի խոսնակը Նիկոլ Փաշինյանի Լոռու մարզ ուղղաթիռով մեկնելը մեկնաբանել է այսպես. «Տնտեսելու համար ժամանակը, ավելի արագ հասնելու»:
Ակնհայտ է, որ Փաշինյանին՝ գրկած վարչապետի աթոռին տեղավորած՝ հպարտ քաղաքացիների ուղեղը հեղափոխական կառավարության տրամաբանությունը սկսել է ծակել : Մարդիկ պարզ հաշվարկ են անում, թե հարթակներից ՝ «այլեւս չի լինելու գեթ մեկ աղքատ» խոստումը շուրթերին առնելով՝ իշխանության եկած վարչապետը, որ հիմա էլ ժողովրդին՝ վեր կաց, քայլիր հորդորն է ուղղում, ընդամենը մեկուկես ժամ տնտեսելու համար որքա՞ն վառելիք եւ միջոցներ է մսխում պետական բյուջեից՝ ուղղաթիռով Դսեղ հասնելու համար:
Դսեղից ընդամենը մի քանի կիլոմետր այն կողմ՝ Ալավերդիում մարդիկ օրվա հացի համար են պայքարում. դրսում են գիշերում, որպեսզի կառավարությունից մեկի հետ հանդիպեն, իրենց հարցերը բարձրացնեն՝ աշխատանք են կորցրել, վարկերի տակ ճռռում են: Իսկ ժողովրդի ընտրյալ վարչապետը ուղղաթիռվ է թռնում: Ի՞նչ եք դուք հասկանում, հպարտ քաղաքացիներ, ձեր աղքատացած ուղեղով: Հաղթահարեք այդ տարիների՝ անցյալի ու ներկայի բեռը՝ աղքատությունը :
Դուք այլեւս աղքատ չեք, ձեր երկրի առաջին դեմքը այլ չափման մեջ է՝ Երեւանից Դսեղ ուղղաթիռ է թռչում, իսկ դուք ասում եք՝ աղքատություն, տատիկ-պապիկների նիսյաներ, կիսասոված թոշակառուներ եւ երեխաներ, մի ակնթարթում ոչ նպատակահարմար դարձած պետական ծառայողներ, հուսահատ արտագաղթողներ:
Շնորհակալություն քեզ, Փաշինյան Նիկոլ: