27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ինչո՞ւ է Նիկոլի կառավարությունը անընդհատ խոսում մարդկանց ուղեղներում նստած աղքատության մասին

Եթե անհատը (ընտանիքը), այլ հավասար պայմաններում, մյուս անհատների (ընտանիքների) միջինի համեմատ աղքատ է, ապա գուցե պատճառները իր մեջ են։

Իսկ երբ Երկրի ընդհանուր տնտեսությունն է աղքատ՝ նման պայմաններում գտնվող այլ տնտեսությունների, կամ հանրային սպասելիքների և իր պոտենցիալի, կամ զարգացման նախորդ֊հաջորդ փուլերի համեմատ, ապա կառավարությունից զատ այլ պատասխանատու չկա և չի կարող լինել ըստ սահմանման։

Եվ ինչպես անհատի աշխատանքն է նրա բարեկեցության գլխավոր երաշխիքը, ճիշտ այդպես էլ աշխատանքն է Երկրի տնտեսական աճի և աղքատության կրճատման երաշխիքը։ Աշխատանքն է, սակայն ոչ թե անհատների, այլ հենց կառավարության ճիշտ աշխատանքը։

Եվ ուրեմն ինչու է՞ Նիկոլի կառավարությունը անընդհատ խոսում մարդկանց ուղեղներում նստած աղքատության մասին։ Շատերին թվում է, թե դա արվում է այն նպատակով, որ վաղը հենց աշխատել չուզող մարդիկ հայտարարվեն կառավարության ձախողման քավության նոխազ։
Սակայն իրական պատճառն այլ է։ Նոր կառավարության փիլիսոփայությունն է։

Տնտեսության և ոչ միայն տնտեսության մասին Նիկոլ Փաշինյանի պատկերացումները բավական մակերեսային են։ Նրան թվում է, թե եթե կառավարությունը ապահովի օրինականություն, ինքը կոռուպցիայով չզբաղվի, չմիջամտի դատարանների աշխատանքին և չկեղծի ընտրությունները, ապա ուրիշ, խորքային և շատ բարդ տնտեսական բարեփոխումների, ինչպես նաև պետության ամենօրյա միջամտության կարիք ուղակի չի լինի՝ շուկան ինքնուրույն բոլոր հարցերը կլուծի, ներդրումները կհոսեն, մարդիկ եռանդով և ստեղծագործաբար կաշխատեն, արտագաղթը կդառնա ներգաղթ, մեր արտադրանքը կդառնա աշխարհում մրցունակ և տեղի կունենա խոստացված տնտեսական հեղափոխությունը։

Եվ քանի որ կառավարությունը չի պատրաստվում ամենօրյա ինտենսիվ միջամտությամբ փոխել տնտեսության կառուցվածքը, խթանել ներդրումները և այլն, ապա նրա վերջին և միակ հույսը մնում են մարդիկ։ Եվ «մարդկանց գլխում աղքատության» միտքը ասվում է ոչ այնքան վաղը պատասխանատվությունից խուսափելու համար, որքան այսօր մարդկանց ոգևորելու, այսինքն քարոզ է և աշխատելու կոչ։ Մեր կառավարությունը համոզված է, որ տնտեսության կառավարումը ոչ թե կառավարության, այլ բացառապես մարդկանց և շուկայի գործն է։

Այդպես է, թե ոչ, շատ շուտով կտեսնենք՝ հերթական անգամ։

Արմեն Աղայան
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ