Որ դեպքում Արթուր Բաղդասարյանը կդառնա նախագահ
”Երևի ախորժակ էր պահել վարչապետի, այն էլ Սերժ Սարգսյանը երազանքները չկատարեց, բայց Արթուր Բաղդասարյանը դեռ երիտասարդ է, կարող է դեռ երազել և մի օր ինքը դառնա վարչապետ, ով գիտի, եթե Հայաստանն ի սպառ դեգրադացվեց, կարող է և Արթուր Բաղդասարյանը դառնա վարչապետ”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Ժուռնալիստների ”Ասպարեզ” ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը` խոսելով ՕԵԿ-ի շուրջ ծավալվող վերջին իրադարձությունների մասին:
Բարսեղյանը նշեց, որ որպես ընդդիմություն ՕԵԿ-ն արդեն մի քանի անգամ ապացուցել է, որ չափազանց հեզաճկուն է և քաղաքական լուրջ հայտեր է ներկայացնում: ”Ասացվածք է առաջացել վերջին օրերին` պատմությունը կրկնվում է 3 անգամ` առաջին անգամ որպես ողբերգություն, երկրորդ անգամ որպես հարս, երրորդ անգամ որպես Արթուր Բաղդասարյան, մոտավորպես այս իրավիճակն է: Չեմ կարծում, որ Հայաստանում կլինի մեկը բացի իրենցից, ով լուրջ կընդունի ՕԵԿ-ի ընդդիմություն դառնալու հանգամանքը”,-նկատեց նա:
Վերջինս հավանական է համարում, որ ի դեմս ՕԵԿ-ի` Սերժ Սարգսյանին պետք էր համագործակցող ընդդիմություն: ”Ինչպես բնության մեջ առաջացել է քաղաքական ուժ, որը կոչվում է ոչ իշխանական, ոչ ընդդիմադիր, այնպես էլ գուցե թե ՕԵԿ-ն ուզում է դառնա ոչ ընդդիմադիր ընդդիմություն, մեր այս իռացիոնալ իրականության մեջ ամեն անհեթեություն կարող է լինել”:
Հարցին, թե իսկ արդյոք Արթուր Բաղդասարյանը կարող է նախագահ դառնալ, Բարսեղյանը նախ ժպիտով արձագանքեց, ապա նշեց, որ դա կլինի մեկ դեպքում, եթե գործող նախագահ Սերժ Սարգսյանը ինչ-որ մի հրաշքով նրան տեսնի իրավահաջորդ: ”Սակայն Սերժ Սարգսյանը որքան էլ զավթիչ լինի, ավտորիտար կամ մերձավտորիտար կառավարիչ, նա տրամաբանում է, իսկ Արթուր Բաղդասարյանի քաղաքական կենսագրության ընթեցումն անգամ որևէ տրամաբանող մարդու թույլ չի տա տեսնել նրան` որպես ՀՀ նախագահ, եթե իհարկե, երկիրն իսպառ չդեգրադացվի:
Իհարկե, ասվում է` երբեք մի ասա երբեք”:
Ըստ մեր զրուցակցի`առաջնորդ լինելու հնարավորություն ՕԵԿ առաջնորդն ուներ ու կորցրեց: ”Նա շանս ուներ լինել քաղաքական որևէ առաջնորդ, բայց այս շանսը բարեհաջողղ կերպով զոհաբերեց իր պաշոտնական դիրքին ու եղբայրությանը Սերժ Սարգսյանի հետ 2008 թվականի փետրվարի 29-ին”,-եզրափակեց Լևոն Բարսեղյանը: