Փոփոխությունների համար փողը միգուցե անհրաժեշտ, բայց բավարար պայման չէ. Մակունցը՝ կառավարության ծրագրի մասին /տեսանյութ/
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը վստահ է, փոփոխությունների համար գումարն անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է։
«Մշտապես շեշտադրում է արվել, որ ցանկացած փոփոխության համար փողն է կարևոր, վարչապետի խոսքում նաև նշվեց ու ես կիսում եմ այդ կարծիքը, որ փոփոխությունների համար փողը միգուցե անհրաժեշտ, բայց բավարար պայման չէ», – ասաց նա։
Դիտարկմանը, թե խորհրդարանական մյուս երկու խմբակցությունները ոգևորված չեն կառավարության ծրագրով, օրինակ՝ Գագիկ Ծառուկյանն այսօր մի քանի անգամ նշեց, որ ներկայացված ծրագիրը տնտեսական հեղափոխության համար նախադրյալներ չունի, և ի՞նչ է պատրաստվում անել իրենց խմբակցությունը գործընկերներին ծրագրին կողմ քվեարկել համոզելու համար, Մակունցը նշեց.
«Հույս ունեմ, որ հարցերն ամբողջությամբ հնչեցնելուց և պատասխանները սպառիչ ստալուց հետո ԲՀԿ-ն կփոխի իր դիրքորոշումը և նրանց համար հարցերի պատասխանները համոզիչ կլինեն»։
Մակունցը նաև ընդգծեց, որ Հայաստանում ծագած խնդիրների պատասխանատուն իրենց քաղաքական թիմն է։
Ճշտող հարցին՝ ինչպե՞ս են հասնելու տնտեսական հեղափոխության՝ Մակունցը նշեց. «Հեղափոխությունը տեղի ունեցավ, որովհետև այն սկսվեց մեկ մարդուց և սկսվեց նրանից, որովհետև ՀՀ քաղաքացին իրեն պատասխանատու զգաց փոփոխությունների համար ու իր ձեռքը վերցրեց պատասխանատվության այն գործիքը, որն իրենն էր: Հիմա տնտեսական հեղափոխության մասին խոսելիս վարչապետի ասածը վերաբերում էր հենց դրան, որ օրենսդիր, գործադիր ու դատական մարմիններում մենք ունենք մեր գործիքները` հասնելու համար տնտեսական հեղափոխության: Բայց ՀՀ քաղաքացիները նույնպես իրենց գործիքները պետք է ունենան այս տիրույթում»։