Դա սկզբունքային որոշում է լինելու նաև իմ կողմից. Հովիկ Աբրահամյան
ՀՀ կառավարությունը այսօր հերթական նիստում չընդունեց ԱԺ ԲՀԿ խմբակցության մի շարք պատգամավորների առաջարկած նախագիծը` ”Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին” ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին:
Նախագծով առաջարկվում է վերացնել ՀԴՄ-ների կիրառման և դրանց միջոցով հաշվարկների կանոնները չպահպանելու դեպքերի համար օրենքով սահմանված պատասխանատվության միջոցների կիրառության մոտեցումները, ինչպես նաև շեշտակի նվազեցնել սահմանված պատասխանատվության չափերը, ինչին դեմ է կառավարությունը:
”Ավելացված արժեքի հարկի մասին” ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու օրենքի համաձայն ներդրումային ծրագրերով ներմուծվող ապրանքների 300 մլն դրամ արժեքային սահմանաչափը, որը կիրառվում է ԱԱՀ-ի գումարի վճարման ժամկետի հետաձգման նպատակով, 2014թ. հունվարի 1-ից փոխարինվել է 200 մլն դրամով: Գործադրի որոշմամբ համապատասխան փոփոխություններ են կատարվել վերը նշված օրենքի կիրարկումն ապահովող կառավարության նախկին որոշման մեջ:
Որոշման նախագծերի քննարկման ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանն անդրադարձել է երկրում փոքր և միջին բիզնեսի զարգացման հարցին. ”Հարգելի գործընկերներ, մենք սկսելու ենք մի գործընթաց և մեր ապագա կառավարության, երկրի նախագահի և բոլորիս ցանկությունն է, որպեսզի փոքր և միջին բիզնեսի համար ստեղծենք շատ բարենպաստ պայմաններ և բարենպաստ հարկային դաշտ, – ասել է կառավարության ղեկավարը: – Առաջիկայում մենք ՓՄՁ-ների ծրագրերին ընդառաջ շատ լավ քայլեր ենք անելու: Մեծ հնարավորություն ենք ստեղծելու, որպեսզի ՓՄՁ-ն մեր երկրում զարգանա: Լինելու ենք յուրաքանչյուր ներդրողի կողքին, և այդ հարցը կառավարության կազմը ձևավորելուց հետո մանրամասն կքննարկենք: Շատ մեծ քայլեր ենք կատարելու, որպեսզի բիզնես դաշտում ապահովենք մեծ ներդրումների հնարավորություն յուրաքանչյուր գործարարի համար: Պետությունն իր բոլոր լծակներով պետք է աջակցի, որպեսզի այն գործարարը, որն իր բիզնեսն իրականացնելու է օրենքի շրջանակում, որևէ կառույցից որևէ խոչընդոտ չստանա: Դա սկզբունքային որոշում է լինելու նաև իմ կողմից”: