22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Պարսից ծոցը Սև ծովին կապող միջանցքին Հայաստանի մասնակցության համար Իրանի հետ պետք է լուրջ գործընթացներ ծավալվեն. Վարդան Ոսկանյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 27-ին պաշտոնական այցով կմեկնի Իրանի Իսլամական Հանրապետություն. այս մասին Ն. Փաշինյանն ասել էր Քյոլնում հայկական համայնքի հետ հանդիպման ժամանակ։

Հիշեցնենք, որ դեռևս նախորդ տարվա օգոստոսին ԱԱԾ քարտուղար Արմեն Գրիգորյանը ՀՀ-ում Իրանի դեսպան Սեյեդ Քազեմի հետ հանդիպումից հետո ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ նշելով, որ Նիկոլ Փաշինյանն առաջիկայում պետք է մեկնի Իրան, սակայն այդ տեղեկատվությունը չհաստատվեց։

ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանը լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով ՀՀ վարչապետի Իրան նախատեսված այցին, նշեց, որ այցի օրակարգը բաղկացած է լինելու տնտեսական և քաղաքական հատվածից և կարող է իր մեջ ներառել մշակույթին և կրթությանն առնչվող խնդիրներ։

«Քաղաքական հատվածում Իրանի հետ մենք այս պահին ունենք խնդիր՝ կապված մեր երկրում տեղի ունեցած փոփոխություններն ավելի հասկանալի դարձնելու հետ։ Կարծում եմ՝ խոսակցության հիմնական տիրույթը պետք է ծավալվի այս հարթության շուրջ, բնականաբար, մեր տարածաշրջանում էլ են տեղի ունեցել որոշակի փոփոխություններ, հետևաբար՝ քաղաքական օրակարգում պետք է անդրադարձ կատարվի նաև այդ խնդիրներին։

Իրանը՝ որպես Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի հետ սահմանակից երկիր, կարծում եմ՝ կուզենա տեղյակ լինել նաև արցախյան հակամարտության շուրջ տեղի ունեցող վերջին զարգացումներին։ Այս առումով, կարծում եմ՝ հանդիպումը կարող է ունենալ, այսպես ասած, թե՛ ճանաչողական նշանակություն, թե՛ կոնկրետ արդյունքներ»,- ասաց իրանագետը։

Նրա խոսքով՝ հանդիպման կոնկրետ արդյունքները պետք է վերաբերեն օրակարգի երկրորդ՝ տնտեսական հատվածին։ Քանի որ Հայաստանը գտնվում է թուրք-ադրբեջանական թշնամական շրջափակման մեջ, Հայաստան-Իրան օրակարգի կարևորագույն խնդիր է դառնում Պարսից ծոցը Սև ծովին կապող միջանցքին Հայաստանի մասնակցությունը։ Այս համատեքստում, Վ. Ոսկանյանի կարծիքով՝ Իրանի հետ պետք է լուրջ գործընթացներ, խոսակցություն ծավալվի, քանի որ սա ձեռնտու է՝ ինչպես Հայաստանին, այնպես էլ՝ Իրանին։

«Բացի տնտեսական բաղադրիչից, այս ծրագիրն ունի կարևոր աշխարհաքաղաքական նշանակություն՝ մեր երկիրը թուրք-ադրբեջանական շրջափակումից դուրս բերելու համար։ Այստեղ պետք է միմյանցից ակնկալենք որոշակի քայլեր, որովհետև Իրանի կողմից է նաև այս ծրագրի կարևորությունը շեշտադրվել, մասնավորապես՝ ՄԱԿ-ի հարթակում կայացած Փաշինյան-Ռուհանի հանդիպման ժամանակ»,- շեշտեց Վարդան Ոսկանյանը։

Ըստ նրա, կարևոր են նաև մշակութային և կրթական ոլորտները, քանի որ այդ ոլորտներում է հիմնականում  իրականացվում «փափուկ ուժի» քաղաքականությունը։

«Հայաստանը, լինելով իրանագիտական կարևոր կենտրոն, պետք է հստակորեն ներկայացվի Իրանում, նաև՝ մեր բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով, և սա կարևոր գործոն կարող է հանդիսանալ հայ-իրանական հարաբերությունների համատեքստում։ Խոսքը, մասնավորապես, ԵՊՀ-ի շրջանակներում մեր իրանագիտական դպրոցի մասին է, որն Իրանում ամենաճանաչելի հայաստանյան կառույցներից մեկն է։ Նաև այլ ոլորտներ, որոնք, բնականաբար, բազմազան են՝ հաշվի առնելով հայ-իրանական հարաբերությունների օրակարգի հարուստ լինելը։ Բայց կարծում եմ՝ պետք է կենտրոնանալ մի քանի կարևորագույն խնդիրների վրա, որպեսզի շոգեքարշի դերակատարություն ստանձնած այդ ոլորտներն իրենց հետ քաշեն մյուս ասպարեզները ևս»,- նշեց իրանագետը։

Նրա դիտարկմամբ՝ հայ-իրանական հարաբերությունները նախկինում էլ ընթացել են վերընթաց կորագծով, հետևաբար՝ այդ հարաբերությունները հատուկ փոխելու անհրաժեշտություն չկա, պարզապես պետք է դրանք զարգանան անխտիր բոլոր ուղղություններով։

«Հայաստան-Իրան հարաբերությունների ընդլայնումը, զարգացումը և նոր մակարդակի բարձրացումը բխում է երկու երկրների շահերից։ Կարծում եմ՝ մեծ ուշադրություն պետք է դարձնեն ոչ թե այդ հարաբերություններում ինչ-որ փոփոխություններ կատարելուն, այլ առկա օրակարգն իրացնելուն, այս պահին սա ամենակարևոր խնդիրն է»,- ընդգծեց Վարդան Ոսկանյանը։

Հարցին՝ հայ-իրանական երկաթգծի կառուցման հարցը պե՞տք է կրկին օրակարգ բերել, թե՞ այն այլևս օրակարգային հարց չէ, Վարդան Ոսկանյանը պատասխանեց, որ Հայաստան-Իրան երկաթուղու ծրագիրը թեև պահանջում է ֆինանսական լուրջ ներդրումներ, բայց չափազանց կարևոր և աշխարհաքաղաքական ծրագիր է։

«Այս հարցը միշտ պետք է լինի Հայաստան-Իրան օրակարագում՝ անկախ այն հանգամանքից՝ այս պահին կարո՞ղ ենք իրականություն դարձնել, թե՞ ոչ։ Այս հարցն օրակարգում պահելը մեզ զգալի առավելություններ է բերում՝ հաշվի առնելով ոչ միայն՝ քաղաքական և աշխարհաքաղաքական տիրույթը, այլև՝ քարոզչական հատվածը՝ իմ նշած՝ Ադրբեջանի կողմից իրականացվող մեկուսացման քաղաքականությանը հակադարձելու առումով։

Շատ ավելի օգտակար կլինի, եթե մենք կարողանանք այդ ծրագիրը, ի վերջո, կյանքի կոչել՝ գտնելով համապատասխան դոնորներ, որոնք կմասնակցեն այդ ծրագրի իրականացմանը։ Հայ-իրանական երկաթգծի ծրագիրը երբևէ չպետք է հանվի երկու երկրների հարաբերությունների օրակարգից»,- եզրափակեց իրանագետը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ