Մեր երկրի թռիչքը ոչ թե Փաշինյանի կախարդական փայտիկի, այլ նախորդ իշխանությունների աշխատանքի գնահատականն է. Աշոտյան
Երեկ հրապարակվել է 2018 թվականի «Լավ երկրների ցուցիչը», որտեղ Հայաստանը մեկ տարվա ընթացքում կտրուկ բարելավել է իր դիրքերը՝ 163 երկրների շարքում 75-րդ տեղից տեղափոխվելով 45-րդ հորիզոնական: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ ԱՐմեն Աշոտյանը:
Նա, մասնավորապես, նշել է.
«Այս միջազգային վարկանիշը մշակվում է՝ հիմք ընդունելով ՄԱԿ-ի եւ նրա տարբեր կառույցների վիճակագրական տվյալները եւ նպատակ ունի պարզելու, թե աշխարհի երկրները ինչքան ավանդ ունեն երկրագնդի եւ մարդկության զարգացման գործում: Այն առավել արտաքին, քան ներքին զարգացվածության ցուցիչ է, երկրի միջազգայնացման ցուցանիշ:
Անկախ քաղաքական տարաձայնություններից, մենք բոլորս ուրախանում եւ հպարտանում ենք մեր երկրի հաջողություններով եւ նման հարցերը ներքաղաքական օրակարգից դուրս են:
Սակայն իշխանական մամուլը, ինչպես հաճախ, փորձել է այս առաջընթացը եւս վերագրել գործող կառավարությանը, մանիպուլացնելով մեր քաղաքացիներին:
Սա է պատճառը, որ ստիպված եմ արձագանքել «հայկական հրաշքի» անատոմիային:
Այս միջազգային վարկանիշը հիմք է ընդունում բացառապես նախորդ տարիների տվյալները՝ առնվազն երկու տարվա տարբերությամբ: Օրինակ՝, 2017-ի ցուցիչը հիմնված է եղել ՄԱԿ-ի 2014-ի տվյալների վրա, 2016-ինը՝ 2011-ի տվայլների վրա եւ այլն:
Ակնհայտ է, որ այս տարվա վարկանիշի հիմքում ընկած են 2015-2016 թթ տվյալները: Այսինքն մեր երկրի թռիչքը այս վարկանիշային համակարգում ոչ թե Նիկոլ Փաշինյանի կախարդական փայտիկի, այլ նախորդ իշխանությունների աշխատանքի գնահատականն է:
Միայն ուրախ կլինեմ, եթե այս եւ միջազգային այլ վարկանիշներում նոր կառավարությունը հասնի Հայաստանի դիրքերի հետեւողական բարելավմանը, բայց ձեր «ոտին մի գրեք», մի վերագրեք ձեզ այդ մեր ջանքերի գնահատականները:
Գնացեք աշխատեք: