Բնապահպանության նախարարությունը խախտումներ ունի. Վերահսկիչ պալատ
Վերահսկիչ պալատը պարբերաբար անդրադառնում է երկրի համար կարևոր նշանակություն ունեցող բնապահպանական խնդիրներին:
Դինամիկ կերպով զարգանում է նաև տվյալ վերահսկողության կատարելագործմանն ուղղված միջազգային համագործակցությունը:
Վերահսկողության կոնկրետ թեմաներն ընտրվելու են տվյալ ժամանակաշրջանում առաջնահերթ կարևորություն ունեցող խնդիրների շրջանակներից:
Հաշվետու տարում վերահսկողությունն իրականացվել է ՙԽոսրովի անտառ՚ պետական արգելոց ՊՈԱԿ-ի և ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության գործառույթների նկատմամբ: Բացահայտվել են էական նշանակություն ունեցող խնդիրներ: Մասնավորապես, արգելոցի տարածքում ֆիզիկական անձի կողմից արգելոցային ռեժիմի խախտմամբ իրականացվել է ապօրինի հողօգտագործում: Արգելոցի տարածքում ֆիզիկական անձի կողմից սեփականության իրավունքով տնօրինվող 117քմ մակերեսով շինությունների սպասարկման համար հատկացված 1375քմ մակերեսով հողատարածքի փոխարեն ինքնակամ օգտագործվում է շուրջ 3-ից 4 հեկտար:
Արգելոցի տարածքում գտնվող Գյոլայսոր և Գիլանլար կոչվող նախկին գյուղատեղերում ապրող բնակիչները գյուղատնտեսական գործունեությամբ խախտում են պետական արգելոցի պահպանության ռեժիմը: Այս տարածքներում անվերահսկելի է ինչպես բուսական, այնպես էլ կենդանական աշխարհի պաշտպանությունը: Պահպանության ռեժիմի հիմնական խախտումներից են անասունների ապօրինի արածեցումն ու խոտհունձը:
Արգելոցի ճանապարհների ուղեփակոցները պատշաճ չեն հսկվում, արգելոցի սահմաններին և մուտքերին տեղադրված չեն անհրաժեշտ քանակով նշասյուներ և հսկողության տեխնիկական միջոցներ: Համայնքային արոտավայրեր և խոտհարքեր տանող ճանապարհների բացակայության պատճառով օգտագործվում են արգելոցի տարածքները:
Ակնհայտ է, որ արգելոցում իրականացվող պահպանության աշխատանքը չունի բավարար արդյունավետություն, քանի որ նախատեսված է, որ յուրաքանչյուր տեսուչին բաժին է ընկում արգելոցի 700 հա տարածք: Պարզ է, որ դա չի կարող իրատեսական լինել: Դեռ ավելին, տեսուչները լիարժեք ապահովված չեն անհրաժեշտ տեխնիկական և տրանսպորտային միջոցներով:
Արգելոցի գործող սահմանները չեն համապատասխանում էկոհամակարգերի զարգացման և պահպանման պայմաններին: ՙԽոսրովի անտառ՚ պետական արգելոցի 2010-2014 թվականների կառավարման պլանով, տարածքը էկոհամակարգերի ընդգրկման տեսակետից առավել ամբողջական դարձնելու, սահմանների կտրտվածությունը վերացնելու նպատակով, առաջարկվել էր արգելոցին միացնել 5849.7 հա հողեր, որը մինչ օրս դեռևս չի կատարվել:
Բնապահպանական պետական տեսչություն գԹեև ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության 2012թ. և 2013թ. ծրագրերով նախատեսված է եղել ՙԽոսրովի անտառ՚ պետական արգելոցում իրականացնել ստուգումներ, այնուամենայնիվ, հաշվետու ժամանակաշրջանում փաստացի որևէ ստուգում չի կատարվել և, բնականաբար, որևէ խախտում չի արձանագրվել:
Ստուգումների տարեկան ծրագրերը իրատեսական չեն կազմվել` 2011թ. ստուգումների ծրագիրը կատարվել է 27.2 %-ով, 2012թ.` 7.5%-ով, իսկ 2013թ. ծրագրով նախատեսված 2593 օբյեկտներից ստուգումներ իրականացվել են ընդամենը 65-ում, կամ ծրագրով նախատեսվածի 2.5 %-ում:
գ01.01.2011-01.11.2013թթ. ժամանակահատվածում արձանագրված խախտումներով` 560,713.0 հազ. դրամ տուգանքի գումարից ՀՀ պետական բյուջե մուտք է եղել 286,520.0 հազ. դրամ: Չի վճարվել 274,193.0 հազ. դրամ կամ արձանագրված և վերականգնման ենթակա գումարի 48.9 %-ը:
Տեսչության կողմից պատշաճ չի հսկվել ստուգման արդյունքներով խախտումների վերացման ուղղությամբ տնտեսվարողներին տրված հանձնարարականների կատարման ընթացքը:
գԽախտվել է ՙԲնապահպանական վերահսկողության մասին՚ ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի պահանջը` նմանատիպ խախտման համար տարբեր տնտեսվարողների նկատմամբ չի ապահովվել բնապահպանական օրենսդրության միատեսակ կիրառումը. որոշ դեպքերում արձանագրվել են միայն վարչական իրավախախտում, իսկ նմանատիպ այլ դեպքերում կայացվել են որոշումներ ինչպես վարչական իրավախախտման, այնպես էլ շրջակա միջավայրին պատճառված վնասի հատուցման համար:
Տեսչության կողմից վերահսկողություն, իսկ տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից պատշաճ հսկողություն չի իրականացվել հողային, թափոնների, աղբահանության մասով ՀՀ օրենսդրության կատարման նկատմամբ: Համայնքներում աղբի տեղադրումը իրականացվել է ապօրինի աղբավայրերում, բնակավայրերի մերձակա գյուղատնտեսական նշանակության հողատարածքներում, ճանապարհների և ջրային ռեսուրսների հարևանությամբ, իսկ բնապահպանական վճարներ հիմնականում չեն վճարվել:
ՙՇրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոն՚ ՊՈԱԿ-ի կողմից 01.01.2011-01.11.2013թթ. ժամանակահատվածում ՀՀ բնապահպանության նախարարին մակերևութային ջրերի աղտոտվածության դեպքերի համար տրված 151 հաղորդումների վերաբերյալ Տեսչության կողմից միջոցառումներ չեն ձեռնարկվել:
Վերոգրյալ խախտումների, թերությունների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվությունը ներկայացված Վերահսկիչ պալատի ընթացիկ հաշվետվությունում: